Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված www.armeniangenocide100.org կայքի հասանելիությունն անօրինական կերպով Թուրքիայի տարածքում գործող համացանցային մի շարք պրովայդերների կողմից արգելափակված է:



Մասնավորապես, թուրքական TTnet համացանցային ծառայություններ մատուցող ընկերությունը, առանց որևէ իրավական նախազգուշացման և դատարանի կողմից ընդունված որոշման, իր օգտատերերի համար անհասանելի է դարձրել Ցեղասպանության հարյուրամյակի առնչությամբ բացված կայքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է թուրքական «Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը» («ԴուրԴե») կազմակերպության խոսնակ Լևենթ Շենսևերը:



«TTnet-ը, հավանական է, որ Ցեղասպանությունը ժխտելու պետական քաղաքականության դրդմամբ է գրաքննություն կիրառում: Այս արգելափակումը, անկասկած, խոսքի և տեղեկատվության հասանելիության ազատությունը խախտող, անօրինական գործողություն է: Որպես «ԴուրԴե» հարթակ, որը մշտապես դեմ է եղել թուրքական պետության կողմից Ցեղասպանության ժխտմանն ուղղված քաղաքականություններին, մենք դեմ ենք նաև նմանօրինակ գրաքննական ձեռնարկումներին և տեղեկատվության հասանելիության իրավունքի խախտմանը: Ինչպես թելադրում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքները` պահ անջում ենք, որ նմանօրինակ գրաքննական ձեռնարկումներին անմիջապես վերջ տրվի»,- ասել է Շենսևերը:

 

 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ևս, ով ներկայում Ստամբուլում է, ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Թուրքիայում ArmenianGenocide100.org-ն արգելափակված է. «Երկու տարբեր պրովայդերով չբացեց։ VPN-ով նորմալ բացում է»: