Թուրքիայում կնոջ եւս մեկ սարսափելի սպանություն է կատարվել. 17 տարվա ամուսինը 42-ամյա կնոջը մասնատել եւ նետել է աղբանոցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Սկուդար թաղամասում: 42-ամյա Թահիր Ք.-ն դիմել է ոստիկանություն' հաղորդելով, թե իր 42-ամյա կինը' Քյուբրա Ք.-ն կորել է: Ոստիկանությունը Քյուբրա Ք.-ի մասնատված դիակը հայտնաբերել է աղբանոցում: Հետաքննությունը պարզել է, որ նրան մեկ օրա առաջ սպանել է ամուսինը' Թահիր Ք.-ն: Վերջինս խոստովանել է սպանությունը: Նա պատմել է, որ փետրվարի 16-ի երեկոյան տանը թեյելիս կորրցրել է վերահսկողությունը եւ խոհանոցային դանակով սպանել, կտոր-կտոր է արել կնոջը եւ շուկայի սայլակով նրա մարմնի մասերը նետել աղբանոց:
Մի քանի օր առաջ Մերսինում երկու տղամարդկանց կողմից 20-ամյա ուսանողուհուն բռնաբարելուց հետո սպանելու եւ մարմինն այրելու լուրը ցնցել էր Թուրքիան:
Նշելով, որ Թուրքիայում կանանց սպանությունները 31 տոկոսով աճել են, թուրքական DemokratHaber կայքը հայտնել է, որ Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով' 2014 թվականին այդ երկրում տղամարդկանց բռնության հետեւանքով 294 կին է մահացել: Կայքը նշել է, որ Թուրքիայում յուրաքանչյուր 4 ժամում մեկ կին սեռական շահագործման է ենթարկվում կամ բռնության ենթարկվում: Այդ երկրում կանանց 38 տոկոսը կյանքի ընթացքում նվազագույնը մեկ անգամ ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում:
Ըստ կայքի' բռնության ենթարկված կանանց 89 տոկոսը որեւէ պետական կառույց բողոք չի ներկայացնում: 2014 թվականին Թուրքիայում տղամարդու կողմից բռնության են ենթարկվել 575 կին, որոնցից 282-ը բռնաբարության զոհ են դարձել: Վերջին 15 տարում սեռական շահագործման համար այդ երկրում քրեական գործեր են հարուցվել 241 ոստիկանի, 91 զինվորականի, 17 ժանդարմի, 15 պետպահպանության ծառայողի եւ 45 գվարդիականի դեմ, սակայն նրանցից ոչ մեկը չի դատապարտվել կամ պատժվել:
Անդրադառնալով թեմային' թուրքական երգիծական հանդեսները կանանց բռնությունների նկատմամբ անտարբեր ներկայիս թուքական իշխանությունների մասին «Ոստիկանական պետությունն այլես իրականություն է, հերթն առնանդամային պետությանն է» վերնագրով ծաղրանկարներ են հրապարակել: