Թուրքիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP)' Ադանայից պատգամավորի թեկնածու Էլիֆ Դողան Թուրքմենի դեմ մահափորձ է կատարվել Չուքուրովա քաղաքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Թուրքմենի վրա կրակել են այն պահին, երբ նա դուրս է եկել ավտոմեքենայից և ուղղվել այն շենքը, որտեղ պետք է հանդիպում տեղի ունենար Չուքուրովայի երիտասարդ գործարարների միության ներկայացուցիչների հետ: Թուրքմենը վիրավորվել է երկու ոտքից: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
Պատգամավորի թեկնածուի խոսքով' մահափորձը, հնարավոր է, կատարվել է իրեն վախեցնելու նպատակով: Մասնագիտությամբ իրավաբան Էլիֆ Թուրքմենը հասարակական քաղաքական ակտիվ գործունեության համար Ադանայում արժանացել է «Տարվա կին» կոչման:
Մայիսի 23-ին Ադանայում դանակահարվել էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պատգամավորի թեկնածու Ռամազան Դեմիրը:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են առաջիկա հունիսի 7-ին: