«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ասածները մեկնաբանելն արդեն մի տեսակ լուրջ չեմ համարում»,-«Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման կամ էլ 2023 թ.-ին Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից Հայաստանի լեգիտիմ իշխանությունը տապալելու կոչերին:
«Բացատրեմ, թե ինչու: Այդ մարդը մի օր մի բան է ասում, մեկ էլ, հնարավոր է, հաջորդ իսկ օրը նույն երևույթի մասին այլ բան ասի: Այսինքն՝ այդ մարդու մտքերը, դատողություններն այնքան հեղհեղուկ են նույն երևույթների վերաբերյալ, որ շատ դժվար է որևէ վերլուծական միտք արտահայտել իր խոսքերի կամ կարծիքների վերաբերյալ այս կամ այն երևույթի ու հարցի շուրջ: Բայց կարող եմ մեկ բան ասել Ռուսաստանի առնչությամբ իր վարքագծի առումով: Ասում է, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք: Ուսումնասիրել եմ և որքան կարողացել եմ պարզել, ՀԱՊԿ-ին վերաբերող փաստաթղթերում, մասնավորաբար՝ կանոնադրություն և այլն, «անդամության սառեցում» կարգավիճակ գոյություն չունի: Սա հստակեցման կարիք ունի իրավական առումով: Երկրորդ՝ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահն իր հրապարակային խոսքում ասաց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև որևէ խնդիր չկա, «մենք Նիկոլ Փաշինյանի հետ կապի մեջ ենք, պարբերաբար շփվում ենք, ինքն է զանգում, ես եմ զանգում, ինքն է գրում» և այլն: Նաև նշեց, որ Փաշինյանը վերջերս իրեն մի ծավալուն գրություն է ուղարկել որոշ հարցերի պարզաբանման հետ կապված, այսինքն՝ «որևէ խնդիր չկա»: Նիկոլ Փաշինյանի այս քայլերը, նույն ՀԱՊԿ-ի մասով հայտարարությունը լուրջ չեմ համարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:
Վերջին շրջանում քննարկվում է նաև Ուկրաինայի նախագահի հնարավոր այցը Հայաստան: Շատերն իրենց անհամաձայնությունն են հայտնում՝ Ուկրաինան պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենք է մատակարարել Ադրբեջանին, իսկ պատերազմից հետո շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ: Զելենսկու հնարավոր այցի մասով քաղաքագետը նշում է՝ որևէ հարցի շուրջ պնդումներ անելու և ենթադրություններ առաջ քաշելու համար պետք է իր ձեռքի տակ փաստեր ունենա. «Բայց, այնուամենայնիվ, ցանկալի չէ նման երկրի ղեկավարի այցը Հայաստանի Հանրապետություն՝ ձեր իսկ նշած պատճառներից ելնելով»: Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, համատեղ հայտարարության ստորագրումը, զենքի մատակարարումը մեկնաբանելիս կարծիքները սովորաբար երկուսն են՝ Հայաստանն ունի դաշնակից, ի դեմս Ֆրանսիայի, և երկրորդ՝ Ֆրանսիան մեր փոխարեն չի կռվելու, խոսքն ընդամենը զենքի մատակարարման մասին է: Քաղաքագետն ընդգծում է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին իր մեկնաբանությունը ներկայացնում է ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:
«Երբ Հայաստանը փնտրում է իր անվտանգության ապահովման, սպառազինության մատակարարման այլ հնարավորություններ, ես սա նորմալ եմ համարում: Սրա մեջ որևէ քննադատելի բան չկա, պետք է ունենանք զենքի մատակարարման տարբեր աղբյուրներ: Բայց կարծում եմ, որ զենքի մատակարարման հարցերը հրապարակային անելը տեղին չէ, որովհետև մեր ասածն ու գործողությունները միայն մենք չենք լսում և տեսնում, մեր թշնամիները ևս աչալրջորեն մեզ հետևում են, թե ինչ և ումից ենք ձեռք բերում:
Ադրբեջանը աշխարհի տարբեր երկրներից սպառազինություն է ձեռք բերում, մենք այդ բոլորի մասին գիտե՞նք, իհարկե, ոչ: Հաջորդիվ՝ Ֆրանսիայի՝ մեզ օգնելու անկեղծության և պատրաստակամության մասին: Ֆրանսիան աշխարհի միակ երկիրն է, որի օրենսդիր մարմնի երկու պալատներն ընդունել են Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձևը: Դրանով իրենք կոչ են արել Ֆրանսիայի գործադիր իշխանությանը՝ կառավարությանը, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, բայց Ֆրանսիայի գործադիր իշխանությունն այդ քայլը չի արել:
Քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ տեղի էր ունենում և տեղի ունեցավ արցախահայության ցեղասպանություն: Ցեղասպանությունը միայն մարդու ֆիզիկական ոչնչացումը չէ, «Ցեղասպանության կանխարգելման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, ցեղասպանություն է համարվում նաև այն երևույթը, երբ ստեղծում են որոշակի հատուկ պայմաններ որևէ էթնիկ հանրության համար, որպեսզի այդ հանրությանը լիովին կամ մասնակի ոչնչացնեն: Հիմա Արցախի հայության համար ստեղծվել էր այդպիսի իրավիճակ՝ ինն ամիս արցախահայությունը սովահարության էր մատնված Ադրբեջանի կողմից: Եթե Ֆրանսիան լիովին անկեղծ էր իր մտադրություններում, պետք է ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը և, բացի այդ, պատժամիջոցներ սահմաներ Ադրբեջանի նկատմամբ:
Օրինակ՝ հայտարարեր էմբարգո Ադրբեջանից ներմուծվող գազի, նավթի և այլնի առնչությամբ: Արե՞լ են նման քայլ, ոչ: Միջազգային հանրությունը՝ հավաքական առումով, և որպես դրա առանձին ներկայացուցիչ՝ Ֆրանսիան, չեն արել նման բան: Հետևաբար՝ կհավատամ միջազգային հանրության դիրքորոշման, մոտեցումների, հայացքների անկեղծությանն այն պարագայում, երբ միջազգային հանրությունը հավաքական առումով և նրա առանձին ներկայացուցիչները գործնականում քայլեր կկատարեն, մասնավորապես՝ էմբարգո սահմանել Ադրբեջանից ներմուծվող գազի, նավթի վրա, այսինքն՝ տնտեսական պատժամիջոցների սահմանում: Այս դեպքում կարելի է խոսել նրանց անկեղծության մասին: Այս շփումների վերջնական անկեղծությանը կդժվարանամ հավատալ, քանի դեռ գործնական հողի վրա որևէ քայլ չի արձանագրվել»,-նշում է մեր զրուցակիցը:
Օրեր առաջ Մյունխենում տեղի ունեցան Փաշինյան-Ալիև, իսկ փետրվարի 28-29-ին Բեռլինում՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումները: «Կարծում եմ, որ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանը կրկին առաջադրելու է իր պայմանները, մասնավորաբար՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու պայմանը, և ինչպես իր վերջին հարցազրույցներից մեկում օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամն էր ասել՝ «ադրբեջանական ութ գյուղերի՝ անկլավների վերադարձի» հարցը: Նա ասել էր, որ այդ հարցը մշտապես իրենց օրակարգում է, և ամեն հանդիպման ժամանակ ինքը այդ հարցը բարձրացնում է: Ենթադրում եմ, որ հենց այդ հարցերն են լինելու Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ քննարկման առարկա:
Կարծում եմ, որ նույն խնդիրներն էր Ադրբեջանը բարձրացրել նաև Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում կայացած հանդիպման ընթացքում: Բայց նաև կդժվարանամ ասել, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ, քանի որ այդ հանդիպումից առանձնապես ինֆորմացիա հայտնի չէ: Պետք է տեղեկատվություն լինի, որ հնարավոր լինի դրա հիման վրա կարծիք արտահայտել: Նման բազմաթիվ հանդիպումներ են լինում: Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Հայաստան և ասում՝ այսինչի մասին խոսեցինք: Դուք վստա՞հ եք, որ նա հենց այդ հարցի մասին է խոսել և դրա մասին է ներկայացնում: Իհարկե, ոչ: Այդ զրույցը տեղի է ունենում, օրինակ՝ երկու հոգու միջև՝ իր և Իլհամ Ալիևի: Հիմա ո՞վ կարող է ասել, թե ինչ են իրենք խոսել և այդ խոսքի վերջում ի՞նչ են պայմանավորվել:
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը առանձնապես ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ ինձ լավատեսություն չի ներշնչում, որ նա կարող է Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերի սպասարկման ուղղությամբ որևէ դրական քայլ կատարել: Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում առավելապես սպասարկվելու են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն՝ ի հաշիվ օկուպացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերի: Ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի հետագիծը, գալիս եմ այդ եզրահանգմանը»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ