«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերի եւ իշխանությունների հարաբերություններն այնքան կառուցողական հուն են մտել, որ երբեմնի ընդդիմադիր քաղաքապետերը պետության հովանու ներքո բարգավաճում են, փող աշխատում, բիզնեսներ դնում, տենդերներ շահում: Սյունիքի համայնքապետերից առաջինը «կոտրվեց» Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ով վարդերի փնջով դիմավորեց Աննա Հակոբյանին։ Նրա օրինակին հետեւեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը' նա էլ Նիկոլ Փաշինյանին ջերմ դիմավորեց: Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն ավելի վաղ էր ՔՊ-ի «կրոնն ընդունել»:
Այս համայնքապետերի գործերն արդեն լավացել են: Օրինակ, Փարամազյանն ակտիվ ներգրավված է կոմբինատի հումքի տեղափոխման գործում: Ժամանակին կոմբինատի տրանսպորտային փոխադրումներն Արթուր Վանեցյանի եղբոր ընկերությունն էր իրականացնում, հիմա դրանով զբաղվում է Մանվել Փարամազյանին պատկանող ավտոպարկը: ԶՊՄԿ-ի մատակարարումներից, առհասարակ, շատերն են սնվում. առյուծի բաժինը, իհարկե, ՔՊ-ական Նարեկ Բաբայանինն ու նրա մտերիմներինն է:
Երեկ Փարամազյանն այս մասին մեր հարցերից վրդովվեց՝ ըստ էության հաստատելով մեր տեղեկությունները․ «Այսօր այնքան խնդիր կա, որ ուրիշ բան չկա՞, դրանով եք զբաղվում, ոնց որ էշը կորցրած, ընգած փալանի հետեւից․․․»: Եվ հորդորեց ԶՊՄԿ-ին ուղղել մեր հարցերը»: