«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիներին երկրորդ սորտի մարդ դիտելը Հայաստանում արդեն բնական երեւույթ է դարձել. նրանց հանդիմանում են Հայաստանի բյուջեից անցյալում ստացած օգնությունների համար: Ասում են' վերադարձեք ձեր Արցախ: Քաղաքական պայքարին մասնակցող արցախցիներին ասում են' իրավունք չունեք Հայաստանում իշխանափոխություն պահանջելու:
Նրանց հայկական անձնագրերը համարեցին անվավեր միայն այն պատճառով, որ դրանց կոդը ոչ թե 050 կամ 060 է, այլ՝ 070։ Եվ ամենակարեւորը' 23-ի սեպտեմբերից հետո հարյուրավոր հայտարարություններ եղան, թե պատրաստ են աշխատանք տրամադրել Արցախից տեղահանվածներին, սակայն բացի հեռավոր գյուղերում ուսուցչական եւ այլ' ցածր վարձատրվող աշխատանքից, ուրիշ բան չառաջարկեցին։
Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ պաշտպանության նախարարությունում պետք է քաղծառայողի մրցույթի մասնակցեր' գրասենյակային աշխատանքի համար, ամիսներ շարունակ օրենսդրություն է սերտել, թղթերը հանձնելու պահին ասել են' իզուր մի դիմիր, արցախցիներին չենք ընդունում: Մեկ այլ արցախցի երիտասարդ փորձել է դպրոցում զինղեկի աշխատանք ստանալ, վերջին պահին իմացել են, որ արցախցի է, մերժել են»: