«Հրապարակ» թերթը գրել է.

Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եռօրյա այցը Սյունիք նոր լիցքեր է պարգեւել շարժման ակտիվին, իր հերթին՝ սրբազանն էլ է դրական էմոցիաներով վարակվել. մի տեղ նա անձամբ վիլիս էր վարում, մեկ ուրիշում՝ ԶԻԼ-ի ուղեւորն էր, մե՛կ երեխաների հետ էր թռչկոտում, անկաշկանդ շփվում մարդկանց հետ՝ հակադրելով Փաշինյանի կերտած ախրանայապետությանը։

Սյունիք կատարած եռօրյա այցի գրեթե բոլոր դրվագները լրատվամիջոցներն ուղիղ եթերով ու ռեպորտաժներով ցուցադրեցին: Տեսանելի էր այն ջերմ ընդունելությունը, որն արժանացրին սրբազանին եւ նրա աջակիցներին, սակայն ամենաոգեւորիչը, ըստ մեր աղբյուրի, այն է եղել, որ սյունեցիները, անտեսելով տեղի ուժային կառույցների սպառնալիքները, ներկա են գտնվել հանդիպումներին՝ չվախենալով զրկվել աշխատանքից, եկամտից եւ այլ բաներից։ Իսկ ուժայինները մարզում հիմնավոր աշխատանքներ էին տարել, մարդկանց հասկացրել, որ իրենց ներկայությունը սրբազանի հետ հանդիպումներին «ժողովրդավարական Հայաստանում» անհետեւանք չի մնալու, եւ այցերի ողջ ընթացքում ոստիկանական խմբերը մշտապես ուղեկցել են ու «հաշվառել» եկողներին: Դա, իհարկե, որոշ չափով ազդել էր մարդկանց ներկայության վրա, բայց չէր կարողացել ազդել, օրինակ, սիսիանցիների վրա, որտեղ, նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի գործոնով պայմանավորված, շատ բազմամարդ հավաք տեղի ունեցավ եւ ճոխ ընդունելություն։

Հիշեցնենք, որ սրբազանն այցելեց մարզի մեծ ու փոքր համայնքներ, սկզբում եղավ Մեղրիում, ապա՝ Կապանում, եղավ նաեւ Շուռնուխ, Ներքին Հանդ, Սիսիան եւ այլ համայնքներում։ Սյունեցիների հետ հանդիպումներից հետո շարժման առաջնորդներն արձանագրել են, որ մարզում լուրջ անելիքներ ունեն՝ տեղում կառույցների ձեւավորման եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մարդկանց պարզաբանումներ ներկայացնելու առումով: Բազում համայնքներում ցավով համոզվել են, որ մարդիկ տեղեկատվության պակաս ունեն եւ շատ հարցերում իշխանական պրոպագանդայի զոհ են դարձել: Անգամ Սյունիքում կան մարդիկ, որ ասում են' ավելի լավ է թուրքի հետ լեզու գտնենք, քան նորից պատերազմի միջով անցնենք։ Սյունիքը պատահական չէր ընտրված, քանի որ սահմանազատվող հաջորդ տարածքը կարող է հենց Սյունիքը լինել, ինչը նաեւ Փաշինյանը չթաքցրեց, ուստի պետք է բարձրացնել մարդկանց գիտակցությունը եւ թույլ չտալ, որ իրենց անվտանգության հաշվին համաձայնեն, որ իշխանությունը զիջումների գնա, որովհետեւ դա ոչ թե խաղաղության, այլ սողացող պատերազմի ճանապարհն է։

Այցից առաջ շատ քննարկվեց այն հարցը, թե արդյոք Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերը կդիմավորե՞ն ընդդիմադիր շարժման լիդերներին: Խոսքը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանի մասին է, ովքեր պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին մարզում սյունյաց ողջույններով դիմավորեցին, բայց տարիներ անց նահանջեցին ընդդիմադիր դիրքերից:
Այս համայնքապետերն են եղանակ ստեղծում այդ համայնքներում, եւ մարդիկ, տեսնելով, որ իրենց կողմից հարգված ղեկավարն ընդունում-խոնարհվում է դավաճան-հողատուի առջեւ, իրենք էլ են խոնարհվում։ Առուշ Առուշանյանը Գորիսում դիմավորեց սրբազանին եւ նրան ուղեկցող իր ընկերոջը' Արթուր Սարգսյանին, ողջագուրվեց նրանց հետ, սակայն որեւէ հանդիպման չմասնակցեց, առավել եւս՝ չուղեկցեց։ Իհարկե, ոմանք հիշեցին, որ ընդամենը օրեր առաջ նա ընդունել էր Նիկոլ Փաշինյանին, թուքումուրի արժանացել, եւ սրբազանին դիմավորելն ընդամենը իրեն «մաքրելու», Փաշինյանի դաշնակցի պիտակից ազատվելու փորձ էր: Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ սրբազանին դիմավորելուց հետո Առուշանյանը որոշ իշխանական եւ մերձիշխանական մտերիմ-ընկերների մոտ արդարացել է, թե ինքը դրանով իր աջակցությունը չի հայտնել շարժմանը, չէր կարող չհանդիպել, քանի որ Արթուր Սարգսյանն իր հազար տարվա ընկերն է' ամեն ինչ Արթուրի համար է արել, անգամ «ապացույցներ» է ներկայացրել շարժմանը չաջակցելու վերաբերյալ, ասել է, որ իրենից ուզել են մշակույթի տան պալատը, որ գորիսեցիների հետ հանդիպումը կազմակերպեն, ինքն ինչ-ինչ պատճառաբանությամբ մերժել է: Փորձեցինք այս մերժման վերաբերյալ համայնքապետարանից պարզաբանում ստանալ, չպատասխանեցին: Նշենք, որ գորիսեցիների հետ հանդիպումը քաղաքի ռեստորաններից մեկի սրահում է կազմակերպվել։ Ավելին, այցից հետո Գորիսում սկսել են ակտիվ քննարկել՝ «Առուշը Նիկոլի հե՞տ է հիմա, թե՞ ընդդիմության»։ Ոմանք ամենաանհավանական վարկածներն են արծարծել՝ եթե նախապես ծրագրված հանդիպում լիներ, Առուշը, սովորույթի պես, երկարաթեւ կհագներ եւ չորս տուզ խաղաքարտով դաջվածքով չէր ներկայանա սրբազանին։

Հանուն արդարության նշենք, որ Գորիսում հանդիպմանը ներկա են եղել Առուշանյանի բազմաթիվ աջակիցներ եւ մտերիմներ: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Փաշինյանին հաջողվել է վախի մթնոլորտ ստեղծել, հնազանդեցնել անգամ կռվող տղերքին, չկոտրվող հեղինակություններին, որոնք այլեւս խուսափում են առճակատման գնալ եւ հայտնվել են հետապնդումների տակ։ Այդուհանդերձ, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ով ժամանակին ավելի զուսպ էր իրեն պահում, հիմա առավել անկաշկանդ ու համարձակ պահվածք է դրսեւորում։ Չնայած տեխնիկական պատճառներով նրա եւ սրբազանի հանդիպումը չի լուսաբանվել, քանի որ առաջին օրը նախ Մեղրի են գնացել, ապա՝ ուշ երեկոյան վերադարձել Կապան, սակայն մեզ պատմեցին, որ Փարսյանը սրբազանի՝ Կապան հասնելուն պես այցելել է «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել է շարժման ակտիվը, երկար մնացել հյուրանոցում՝ հաշվի չառնելով, որ մեծ թվով ոստիկաններ են եղել տեղում եւ «հսկել» են մարդկանց ելումուտը։ Ավելին, հաջորդ օրն էլ սրբազանի հետ նեղ կազմով ճաշել են, եւ իր տեղակալ Մարատ Հարությունյանին էլ հանձնարարել է Կապանի համայնքներում ուղեկցել Երեւանից ժամանած հյուրերին, անգամ Վահանավանքի հանդիպմանն է տեղակալը ներկա գտնվել: Համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներն էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հանդիպումներին։

Այս առումով, շարժման ակտիվի բնորոշմամբ՝ ամենավախկոտը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն է գտնվել։ Չնայած սրբազանը հատուկ չայցելեց Քաջարան, սակայն պատահական չէր ընտրվել Վահանավանքը, որը Քաջարանի եւ Կապանի արանքում է, եւ ցանկության դեպքում Փարամազյանը կարող էր ինքն այցելել, տեսակցել նրան։ Ի դեպ, Տաթեւի համայնքում էլ սրբազանին ուղեկցում էր համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը, ով «Ապրելու երկիր» կուսակցությունից է։

Նկատենք, որ որեւէ համայնքում ընդդիմադիրների եւ բնակիչների հանդիպումները համայնքապետարանների ենթակայությամբ գործող հաստատություններում չեն անցել, Սիսիանում Արթուր Սարգսյանին պատկանող տարածքում է եղել, Կապանում՝ Վահանավանքում, Գորիսում՝ ռեստորաններից մեկում։

ՀԳ․ Այցի ընթացքում բացահայտվեց նաեւ, որ Փաշինյանն անթաքույց խաբում է ժողովրդին, վերջերս Սյունիք կատարած այցից հետո մոնտաժված տեսանյութով տարածել էին, թե Ներքին Հանդում մարդիկ անվերապահորեն աջակցում են վարչապետին, այնինչ սրբազանի հետ նույն մարդիկ հանդիպելով ասել են, որ Փաշինյանի մոտ անվտանգային խնդիրների մասին են բարձրաձայնել ու հորդորել են լուծում տալ, որ այսպես չի կարելի շարունակել։