Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունը և նրա զինված ուժերն իր ղեկավարությամբ իրականացնում են լայնածավալ ծրագրեր մեր բոլորիս անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Ամբողջ սահմանով ամրաշինական աշխատանքներ են տարվում: Ես դրանց անվանում եմ ամրոցներ, իսկ ամրոցների մեջ ծառայություն տանող անձնակազմը բավականին պաշտպանված է, պաշտպանված անձնակազով հակահարված տալը շատ դյուրին է լինելու»,- ասաց նա:
Նա նշեց, որ բնական է Ադրբեջանի անհանգստությունը: «Առաջին պատերազմում ունեցել է անհաջողություն՝ պարտություն տեսքով, իսկ 44-օրյա պատերազմում արձանագրեց հաջողություններ ու հիմա անհանգստացած է, թե ինչ է լինելու»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է նոր սպառազինությամբ, անձնակազմով և այն կառույցներով, որը մեզ ավելի վստահ կդարձնի խաղաղության օրակարգին հասնելու համար:
«Իհարկե, մենք էլ ենք անհանգհստացած այն մեծ ծավալի սպառազինման ձեռքբերումով, որն իրականացնում է Ադրբեջանը, բայց անհանգստության մասին չպետք է շատ խոսել, պետք է գործել»,- ասաց Քոչարյանը: