ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել։ «16-րդ օր՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Մատակարարման միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը՝ երեխա:
Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, ապա արգելափակել և շրջափակման մեջ պահել։ Տարօրինակ չէ՞»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք՝ կեղծ բնապահպանական պատրվակներ ներկայացնելով՝ մի խումբ ադրբեջանցիներ Լաչինի միջանցքը փակ են պահում արդեն 16 օր։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում նկատվում է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս, ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։