Shamshyan.com. Երեկ՝ ապրիլի 19-ին, shamshyan.com-ը հրապարակում էր թողարկել, որում, մեջբերելով Արտակ Հակոբյան անուն-ազգանվամբ անձնավորության խոսքերը, մասնավորապես հայտնել էր, որ Մոսկվայում Հայաստանի հյուպատոսը ծեծել է ՀՀ քաղաքացուն, առգրավել անձնագիրը և անձնական իրերը:

Ճիշտ է՝ հրապարակումից ավելի ուշ shamshyan.com-ը, վկայակոչելով ՀՀ Արտաքին Գործերի նախարարությանը, հայտնել էր, որ տվյալ գործի փաստով նյութեր են նախապատրաստվում, և այդ պատճառով էլ որևէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ:

Այդուհանդերձ, նախնական վարկած էր շրջանառվել, որ Մոսկվայում Հայաստանի հյուպատոսի կողմից ՀՀ քաղաքացուն ծեծելու լուրերը կեղծ են:

Հաշվի առնելով իրադարձության հասարակական հնչեղությունը և Մոսկվայում Հայաստանի հյուպատոս Գարեգին Մելիքսեթյանի անվան և բարի համբավի արատավորման հնարավորությունը՝ shamshyan.com-ի թղթակիցը որոշեց գնալ իրադարձությունների հետքերով և հնարավորինս պարզել իրականությունը:

Արդյունքում՝ մեր թղթակիցը հանդիպել է Մոսկվայում Հայաստանի հյուպատոսարանին մոտ կանգնած անձնավորությունների, ովքեր հայտնել են իրադարձությունների ծավալման իրենց տարբերակը և որպես իրենց խոսքերի ապացույց՝ փոխանցել են մի շարք փաստաթղթեր, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք այս նյութին կից:

Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀ քաղաքացի Նազանի Ավետիսյանը ամուսնու մահվան կապակցությամբ պետք է ժամաներ Հայաստան սույն թվականի ապրիլի 11-ին, սակայն իր նորածին երեխան չուներ համապատասխան փաստաթուղթ, որով կարող էին նրան անցկացնել սահմանը: Ն. Ավետիսյանի շրջապատի մարդիկ նրան հայտնեցին, որ կա Արտակ անունով մի մարդ, ով ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակից է և կարող է իրենց օգնել այդ հարցում:

Անմիջապես կապվել էին Արտակի հետ, և վերջինս ասել էր, որ անհրաժեշտ փաստաթուղթը դեսպանատունը կհանձնի միայն ժամը 16:00-ին, սակայն Նազանին այդ ժամին արդեն պետք է օդանավակայանում լիներ:

Այստեղ հարկ է նշել, որ, մեր աղբյուրների հավաստմամբ, մահվան դեպքերում հյուպատոսարանը քաղաքացիներին սպասարկում է արտահերթ: Սակայն Արտակը, իմանալով դա, խաբել է Նազանիին և ասել, որ այդ «գործը գլուխ բերելու» համար կպահանջվի 7000 ռուսական ռուբլի:

Պայմանավորվեցին հանդիպել դեսպանատան մոտ, սակայն Արտակի անունից իր հետ կապվեց Ժիրայր անունով մեկը, վերցրեց պայմանավորված գումարն ու փաստաթղթերը և մտավ դեսպանատան հյուպատոսական բաժին:

Այնտեղ նա ներկայացավ որպես Նազանիի հարազատ և ներկայացնելով իրավիճակը՝ պատճառաբանեց, որ Նազանին այս պահին գտնվում է դեսպանատան դիմաց կայանված ավտոմեքենայում և ծանր հոգեկան վիճակում է, ուստի չի կարող անձամբ մտնել դեսպանատուն, և խնդրեց, որ իրենից ընդունեն փաստաթղթերը:

Դեսպանատան աշխատակիցը, հասկանալով վիճակը, ընդունել է փաստաթղթերը և ուսումնասիրելով դրանք՝ տեսել է, որ Նազանիի ամուսինը Ռուսաստանի դաշնության քաղաքացի էր:

Հաշվի առնելով, որ երեխայի տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթուղթը դուրս գրելու համար պետք է ստորագրեն երեխայի ծնողները, իսկ այս դեպքում հայրը մահացել էր, դեսպանատան աշխատակիցը խնդրեց, որպեսզի ներկայացնեն նաև երեխայի հոր՝ Նազանիի ամուսնու մահվան վկայականը:

Ընդ որում, նա ասել է, որ իրենք պատրաստ են Նազանիի ստորագրությունը ստանալու համար անձամբ մոտենալ ավտոմեքենային, որպեսզի վշտի մեջ գտնվող կնոջ համար ավելորդ խոչընդոտներ չստեղծեն: Իսկ ամուսնու մահվան վկայականը, համաձայնել են, որ ստանան ավելի ուշ՝ էլեկտրոնային փոստի միջոցով, որից հետո միայն տրամադրեն երեխայի վերադարձի վկայականը:

Ժիրայրը, լսելով այս ամենը, դուրս է եկել դեսպանատնից և առանց մոտենալու Նազանիին և հայտնելու, թե ինչ են իրեն ասել, հեռացել է այդտեղից: Նազանին էլ, երկար ժամանակ սպասելով ավտոմեքենայում և չնկատելով, որ Ժիրայրը դուրս է եկել, լարվածությունից բարկացած մտել է դեսպանատուն և հուզված փորձել պարզել, թե ինչու են ուշացնում իր գործը:

Սակայն դեսպանատան աշխատակիցը նրան հայտնել է, որ իրենք մանրամասն տեղեկացրել են նրա «հարազատին», թե ինչ է անհրաժեշտ՝ փաստաթուղթը ստանալու համար, և նա լքել է տարածքը: Այդտեղ Նազանին խոստովանել է, որ Ժիրայրն ամենևին էլ իր հարազատը չէ և պատմել է եղելությունը: Նրան ուղեկցել են հյուպատոսի սենյակ: Հյուպատոսը, լսելով ողջ պատմությունը, հանձնարարել է շտապ և անվճար պատրաստել անհրաժեշտ փաստաթուղթը և ճանապարհել Նազանիին, ինչպես նաև կարգադրել է դեսպանատան անվտանգության աշխատակիցներին շտապ գտնել Ժիրայրին: Կարճ ժամանակում անվտանգության աշխատակիցները գտել են Ժիրայրին և բերման ենթարկել հյուպատոսարան: Նրանից առգրավել են վերցրած 7000 ռուսական ռուբլուց միայն 5000-ը, քանի որ միայն այդքան գումար կար նրա մոտ այդ պահին: Ժիրայրը խոստովանել է եղելությունը և զեկուցագիր գրել, որն էլ ստորև՝ կից ներկայացնում ենք ընթերցողին:

Նրանից վերցրել են նաև իր անձնագիրը և մեկ այլ ՀՀ քաղաքացու անձնագիր, հեռախոսը, որպեսզի նա փախուստի չդիմի և ասել են, որ սպասի միջանցքում և չխոչընդոտի հյուպատոսարանի աշխատանքը, մինչև որոշում կկայացնեն, թե ինչպես պետք է վարվեն նրա հետ: Սակայն նա, թողնելով այդ ամենը հյուպատոսարանում, դուրս է եկել տարածքից և փախուստի դիմել: Այդ ընթացքում էլ Արտակ Հակոբյանի անունից Ժիրայր Թադևոսյանի հեռախոսին դեսպանատան աշխատակիցների հասցեին ուղղված հայհոյախառն արտահայտություններով կարճ հաղորդագրություններ են ստացվել:

Նյութին կից, բացի Ժիրայր Թադևոսյանի զեկուցագիր-դիմումի լուսապատճեից, հրապարակում ենք նաև նրա անձնագրի լուսապատճեն՝ որը նույնպես փոխանցել են մեզ մեր աղբյուրները:

Ի դեպ, նրանք նաև նշեցին, որ նախորդ հրապարակման տակ մեկնաբանություն կատարած՝ «Facebook»-ի օգտատեր Artak Akopyan-ը հենց այն Արտակն է, ում մասին խոսվում է նյութում:

Այսպիսով՝ համաձայն մեր աղբյուրների՝ Մոսկվայում Հայաստանի հյուպատոս Գարեգին Մելիքսեթյանի կողմից ՀՀ քաղաքացուն ծեծի ենթարկելու լուրերը Արտակ Հակոբյանի տարածած ապատեղեկատվության և զրպարտության արդյունք են:

Այդուհանդերձ, Shamshan.com-ը դեռ սպասում է այս դեպքի առթիվ ՀՀ Արտաքին Գործերի նախարարության պաշտոնական արձագանքին, որից հետո հնարավոր կլինի վստահաբար նշել մեղավորների անունները:

Հավելենք նաև, որ shamshyan.com-ը հետամուտ կլինի նաև պարզելու, թե այդ ովքեր և ինչպես են Ռուսաստանում խարդախություններ իրականացնելով, ՀՀ քաղաքացիներից անօրինաբար կորզում գումարներ և ստվեր նետում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան անվան վրա: