Այսօր shamshyan.com-ի թղթակցի հետ Մոսկվայից կապ հաստատեց մեր հայրենակից Ժիրայր Թադևոսյանն ու հայտնեց, որ իր բարեկամներից մեկը' Արտակ Հակոբյանը գնացել է ՌԴ-ում Հայաստանի հյուպատոսարան' ընկերոջ անձնագիրը վերցնելու և մուտքի մոտ տեսել է երիտասարդ մի հայ կնոջ' մանկահասակ երեխայի հետ, ում չեն թույլատրում իր երեխային իր հետ բերել Հայաստան' հոր հուղարկավորությանը մասնակցելու:

Նա, փորձելով օգնել կնոջը, ներգրավվել է խոսակցության մեջ, որի ժամանակ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Գարիկ Մելիքսեթյանն անձամբ դուրս է եկել շենքից, մոտեցել Հակոբյանին ու հրավիրել իր աշխատասենյակ:

Աշխատասենյակում Գարիկ Մելիքսեթյանը ծեծի է ենթարկել 60-ամյա Արտակ Հակոբյանին, վերցրել անձնագիրը, բջջային հեռախոսը, դրամապանակը' 32 000 ռուբլի գումարով ու մյուս անձնական իրերը, ահաբեկել' ասելով, որ ոչ մի տեղ չպատմի կատարվածի մասին ու դուրս հրավիրել հյուպատոսարանից:

Հակոբյանն առանց գումարի ու կապի միջոցի, ոտքով գնացել է տուն, որի արդյունքում հիվանդացել ու այժմ գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում' թոքերի բորբոքումով:

Նույնիսկ մոսկովյան հիվանդանոցներում են հասկացել իրավիճակն ու առանց փաստաթղթերի ընդունել հիվանդին:

Ներկա պահին մեր հայրենակիցը խնդրում է shamshyan.com-ին լուսաբանել այս մասին ու ԱԳՆ-ի օգնությամբ հետ վերցնել հիվանդի անձնագիրը' հիվանդանոց ներկայացնելու համար:

«Միայն մի բան չեմ հասկանում, օտար երկրում ինչ էլ որ հայրենակիցդ արած լինի, իրավունք չունես ցավ պատճառելու: Էլ չեմ խոսում այն մասին, որ նման կերպ է վարվել մեր ազգը Ռուսաստանում ներկայացնող անձը»,- վրդովված ասաց պրն. Թադևոսյանը: