Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ն՝ այսօր Գյումրիում հնչած կրակոցներն ու սպանվածի առկայությունը հերթական անգամ մարտահրավեր դարձան հայաստանյան ամբողջ ոստիկանական համակարգի համար: Ականատեսների վկայությամբ մի քանի րոպե անդադար կրակել են տուժողներից մեկի տան ուղղությամբ, ինչը վկայում է, որ սա ոչ թե պարզապես սպանության ելքով միջադեպ էր, այլ հայտարարված, հրապարակային հաշվեհարդար: Սա արդեն ցույց է տալիս, որ բոլոր այն պնդումները, թե Գյումրին մնում է Հայաստանի քրեական մայրաքաղաքը, ադեկվատ չեն, քանի որ մենք կարծես թե ականատես ենք ոչ թե քրեական բարքերի գերակայության, այլ ոստիկանական անգործության: Դա կարող է պայմանավորված լինել կամ նրանով, որ ոստիկանությունը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին և չի կարող կանխարգելել նման երևույթները, երբ զինված անձիք կարող են հայտնվել հասարակական վայրում, շարունակ կրակել քաղաքացու տան ուղղությամբ և իրենց նպատակին հասնելով հեռանալ, կամ էլ պարզապես ոստիկանությունը ցանկություն չունի միջամտել նման հաշվեհարդարներին: Երկու դեպքում էլ առաջանում է ոստիկանության տեղական համակարգի արմատական բարեփոխումների անհրաժեշտություն:
Միաժամանակ Գյումրիում հնչած կրակոցները սնանկ է դարձնում ամենաբարձր մակարդակով տարվող քաղաքակիրթ, օպերատիվ ու ադեկվատ ոստիկանության քարոզչությունը, և այս տեսանկյունից Գյումրիում հնչած կրակոցները ինչ-որ իմաստով հարվածում են նաև Վովա Գասպարյանին: Մյուս կողմից պետք է նշել, որ Գյումրիում ստեղծված մթնոլորտում պատասխանատվություն են կրում ոչ միայն ոստիկանությունը...:
Մեծ հաշվով տարիներ շարունակ Գյումրիում գործունեություն ծավալող կլանների հակամարտության հարցը հայաստանյան իշխանական վարչակարգը այդպես էլ չկարողացավ լուծել: Առկա իրավիճակում կարող ենք փաստել, որ կրակոցների խնդիրը չկարողացավ լուծել Աշոտ Գիզիրյանը, ինչպես տեսնում ենք, չի կարողանում լուծել նաև Ֆելիքս Ցոլակյանը: Հաշվի առնելով տարիներ շարունակ ձգվող հակամարտությունը՝ որքան էլ ցանկալի չէ խոստովանելը, սակայն չի բացառվում կրակոցների շարունակությունը: Կարծես թե հերթական անգամ Գյումրին դառնում է ինդիկատոր՝ վարչակարգի հնարավորությունների համար և ի ցույց է դնում այն փաստը, որ իշխանությունները չունեն համապատասխան կադրային ռեսուրս և քաղաքական կամք հանրապետության երկրորդ քաղաքում վերահսկելի օրինականություն հաստատելու համար: Անկախ նրանից՝ այդ կրակոցները քաղաքական են, անձնական, թե որևէ այլ պատճառաբանությամբ, դրանց արդյունքում լինում են մարդկային զոհեր և վախի ու հանցավորության մթնոլորտ:
Կկարողանա՞ն արդյոք հայաստանյան իշխանությունները բացառել նման միջադեպերը: Այս հարցի միանշանակ պատասխանն է՝ այո, քանի որ ցանկացած իշխանություն ցանկության դեպքում կարող է լուծել ցանկացած հարց, սակայն մնում է միայն այդ ցանկությունը լինի: Իսկ իշխանությունն իր ցանկությունների մեջ չի կարող իրեն թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպիսին օրինականության ու կարգուկանոնի հաստատումն է: Այդ օրինականության հաստատումը ուղղակիորեն վնասում է այն կլանին, որի հետ մի ժամանակ նույն կերակրատաշտն էր օգտագործվում, այդ կլանը իր չափով կանգնած է ներկայիս արատավոր համակարգի կայացման հիմքերում, և, բնականաբար, համակարգը չի կարող պատժել ինքն իրեն կամ մի մասնիկին:
Իհարկե, լավ բժիշկը հաճախ հեռացնում է հիվանդ օրգանը՝ հիվանդի կյանքը փրկելու համար, սակայն տարիների փորձը ցույց է տվել, որ հայաստանյան իշխանությունը չունի համապատասխան վճռականություն՝ նման համարձակ բուժման գնալու համար: Մյուս կողմից և մարզպետը, որը ուժային մարմիններում մեծ փորձ ունի, և քաղաքապետը նորանշանակ են, և Գյումրին վերահսկողության տակ պահելը նույնիսկ պատվի հարց է դառնում, ուստի և հուսանք, որ այս պայմաններում վերջապես կչեզոքացվեն հանրապետության երկրորդ քաղաքում քաղցկեղային խոցի նման արմատավորված իրողությունները:
Աղասի Մարգարյան
Լուսանկարը՝ Լ.Բարսեղյանի