168.am. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուրբաթ օրը հրապարակել էր հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը 2013 թվականի առաջին եռամսյակի համար։ Իսկ երեկ հարկային մուտքերի ցուցանիշներ է հրապարակել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Խոշոր հարկատուների ցանկի և ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համադրությունը թույլ է տալիս որոշ եզրակացություններ անել հարկային դաշտի ընդհանուր պատկերի վերաբերյալ։
Եվ այսպես, 2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 220 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 103.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 24.1%-ով կամ 42.7 մլրդ դրամով։
Հարկերի 24%-անոց աճն իրոք լուրջ ցուցանիշ է։ ՀՆԱ աճ-ի ցուցանիշն առաջին եռամսյակի համար դեռ հայտնի չէ, սակայն այն, ամենայն հավանականությամբ, 5-6%-ից չի անցնի (հաշվի առնելով նաև ԱՄՀ կանխատեսումները ընթացիկ տարվա համար)։ Այսինքն՝ սա նշանակում է, որ նման տեմպերով շարունակվելու պարագայում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի։
Ինչի՞ հաշվին է արձանագրվել հարկերի այս աճը։ Ըստ Ֆինանսների նախարարության, սա մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական' եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 43.6 մլրդ դրամ:
Այստեղ, իհարկե, կա նաև դոլարի փոխարժեքի գործոնը, ինչի մասին Ֆինանսների նախարարությունը չի նշում։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388 դրամ, այս տարվա առաջին եռամսյակում՝ 410 դրամ։ Այսինքն՝ դրամն արժեզրկվել է 5.5%-ով։ Իսկ ներմուծման ԱԱՀ-ն հաշվարկելիս հիմք է ընդունվում դոլարային արժեքը։ Եվ որքան դրամն արժեզրկվում է, այնքան ավելի շատ գումար է մտնում պետբյուջե հարկերի տեսքով։ ՊԵԿ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում մաքսային մարմինների կողմից հավաքագրվել է 54.48 միլիարդ դրամ (նախորդ տարվա՝ 48.28-ի դիմաց)։ Եթե փոխարժեքի գործոնը բացառենք, ապա աճը մոտ 3 միլիարդով պակաս կլինի։
Ակնհայտ է, որ հարկերի աճը կառավարության կողմից կներկայացվի որպես վարչարարության բարելավման և ստվերի դեմ պայքարի արդյունք, իսկ ընդդիմախոսների կողմից՝ որպես հարկային բեռի ավելացում։ Ինչևէ, անցնենք հաջորդ նրբերանգին, որը, թերևս, ավելի կարևոր է։
Ինչպես արդեն նշվեց, պետբյուջե մուտքագրված հարկերի ծավալն աճել է 24%-ով։ Սակայն այդ աճը հավասարաչափ չի բաշխվել բոլոր ընկերությունների միջև։
Այսպես, առաջին 1000 խոշոր ընկերությունները հարկերն ավելացրել են 20.6%-ով, 300 ընկերությունները՝ 18.9%-ով, առաջին 100-ը' 15.7%-ով, առաջին 50-ը' 13.3%-ով, առաջին 10-ը՝ 10.2%-ով։ Այսինքն, որքան խոշորացնում ենք դիտարկվող ընկերությունները, այնքան պակասում է հարկերի աճը։ Սա նշանակում է, որ հարկերի աճը գրանցվել է հիմնականում միջին և փոքր ընկերությունների հաշվին։
Ի դեպ, այս դեպքում ամեն ինչ կարելի է մեկնաբանել երկու տեսանկյունից։ Կառավարության ընդդիմախոսները կպնդեն, որ հարկային բեռը ծանրացել է փոքր ու միջին բիզնեսի ուսերին։ Իսկ կառավարությունը՝ հակառակը, սրանով կփորձի հիմնավորել, որ տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսի դերը բարձրացել է, և նրանք ավելի մեծ մասնակցություն ունեն բյուջեի ձևավորման մեջ։
Եվ վերջապես անցնենք երրորդ նրբերանգին։ Ինչպես նշվում է Ֆինանսների նախարարության պարզաբանման մեջ՝ 2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 43.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 96 մլրդ դրամ և 36.7%-ով կամ 25.7 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը, ինչը հիմնականում ապահովվել է ներմուծումից ստացված եկամուտների հաշվին: Եվս 4.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին' կազմելով 10.5 մլրդ դրամ:
Այսինքն՝ հարկային մուտքերի կեսն ապահովվել է անուղղակի հարկերի հաշվին։ Ասել է թե՝ սպառողների։ Անուղղակի հարկը վճարում ենք մենք՝ սպառողներս, իսկ գործարարները պարզապես այն «միջանկյալ խողովակն են», որի միջոցով այդ գումարը գնում է պետական բյուջե։
Սա էլ իր հերթին' նշանակում է, որ խոշոր հարկատուների ցանկը միանշանակ պետք չի ընկալել. այնտեղ ներկայացված ընկերություններից շատերն իրականում ոչ թե հարկ վճարող են, այլ հարկ փոխանցող՝ սպառողներից պետբյուջե։
Այնպես որ, տեսականորեն, խոշոր հարկատուների ցանկն ավելի արդար կլիներ, եթե առաջին հորիզոնականում տեղ գտներ մեկ ընդհանուր հավաքական կերպար՝ ՀՀ քաղաքացին։
Բաբկեն Թունյան