ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
«Այսօր համացանցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ ոստիկանական ավտոմեքենայում գտնվելու դրվագով տեսանյութ էր տարածվել:
Ոմանք շտապեցին սեփական «հետաքննություն» իրականացնել՝ փորձելով ճշտել, թե ոստիկանությունն ինչպես և ինչքանով է տրամադրում տեսանյութերը, մյուսներն անառարկելի համոզվածությամբ հայտարարեցին, որ դա անկասկած ոստիկանության տեսանյութն է, տարատեսակ վարկածներ առաջ քաշվեցին տեսանյութի տարածման նպատակի, պատճառահետևանքային կապերի, խորամանկ ու շա՜տ վտանգավոր որոգայթների վերաբերյալ:
Պաշտոնապես հայտարարել էինք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Ծառայողական քննության շրջանակներում պարզվել է, որ նույն օրը Արմեն Մարտիրոսյանի հետ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել մի քաղաքացի ևս (ծառայողական քննությամբ տվյալ անձի ինքնությունը պարզվել է, պարզվել է նաև, որ նա այս պահին հանրապետությունում չէ): Մեքենայում եղել են երկու ոստիկան, մեկը՝ ղեկին, մյուսը՝ սրահում (սրահում գտնվող ոստիկանը երևում է տեսագրության մեջ, իսկ ընթացքի պահին վարորդի կողմից տեսագրելը իրատեսական չէ, բացի այդ՝ նկարահանման ռակուրսը միանգամայն այլ է):
Այս ամենից բացի, Արմեն Մարտիրոսյանը պարզաբանում է տվել ԶԼՄ-ներին, որ տեսագրությունը ոստիկանությունը չի արել:
Եվ, այնուամենայնիվ, հետագա շահարկումները բացառելու համար հարկադրված ենք ներկայացնել իրականում ոստիկանության ՀԿԼ վարչության աշխատակցի կողմից արված տեսագրությունը:
Մեկնաբանությունները թողնում ենք «հետաքննողներին»»: