Քուրդ գրոհայիններն այսօր սկսել են իրենց ջոկատների դուրսբերումը Թուրքիայի տարածքից. գրում է թուրքական Star-Gazete պարբերականը:
Քրդական աշխատավորական կուսակցությանզինված գրոհայինների դուրսբերումը Թուրքիայից հնարավոր դարձավ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ թուրք կառավարության վարած բանակցությունների արդյունքում, որի հետևանքով Օջալանը մարտի 21-ին՝ քրդական Նոր տարվա տոնին, ուղերձ էր հղել իր ազգակիցներին՝ խնդրելով վայր դնել զենքը և լքել Թուրքիայի տարածքը: Գրոհայինների դուրսբերման 2-րդ փուլում, ենթադրվում է, որ Թուրքիան մի շարք բարեփոխումների ծրագրեր պիտի իրականցնի, որոնց թվում՝ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի համար ստեղծված հատուկ ծառայությունների և անվտանգության համակարգերի լուծարում, ինչպես նաև՝ համապատասխան հասարակական-սոցիալական մթնոլորտի ստեղծում: Ակնկալվում է, որ բարեփոխումների 3-րդ փուլում կմշակվեն քուրդ բնակչության իրավահավասարության և ազատության ապահովման մեխանիզմներ ստեղծելու ծրագրերը:
Քրդական աշխատավորական կուսակցության նպատակն էր հայտարարել Թուրքիայի արևելքում անկախ Քրդստան պետության ստեղծման մասին, որն իր կազմում կմիավորեր Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի քրդերին: