33-ամյա ՀՀ քաղաքացի Կարեն Սիմոնյանը մեղադրվում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ տնօրենից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով' 80 մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ կատարելու մեջ:
Այսպես, ըստ մեղադրանքի, նա շահադիտական դրդումներից ելնելով, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն' Խուան Պաբլո Գեչիջյանից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2013թ. հունվարի 20-ին, Երևանում գործող ինտերնետ ակումբում բացել է «ahmed [email protected]» էլեկտրոնային հասցեն, որից 2013թ. հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող ինտերնետ ակումբներից' Խուան Պաբլո Գեչիջյանին և նրա ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս կողմից օգտագործվող' «[email protected]» էլեկտրոնային հասցեին: Հաղորդագրություններում, ըստ մեղադրանքի, «իրականության հետ որևէ կապ չունեցող, անիրագործելի և Խուան Պաբլո Գեչիջյանին խաբելու միտումով ուղարկված հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումարը»:
Սակայն, Խուան Պաբլո Գեչիջյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է:
Կարեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործն ընդունվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթ: