ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում միտք է հայտնել' իբր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող սակագները բարձր են, եւ դա իր անդրադարձն է ունեցել «Արմավիայի» սնանկացման վրա:

 

Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող «ազգային փոխադրող» ունենալու անհրաժեշտությունը' ի հակադրություն «Բաց երկնքի» քաղաքականության, որը հավասար պայմաններ է ենթադրում բոլոր ավիաընկերությունների համար:

 

Կուզենայինք հիշեցնել պարոն Սաֆարյանին, որ Հանրային Խորհրդի առաջարկությունից հետո ՀՀ կառավարությունը վարձեց ՄաքՔինզի խորհրդատվական ընկերությանը' ՀՀ ավիացիոն քաղաքականության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով:

 

ՄաքՔինզի ընկերությունը, որն օդային փոխադրումների բնագավառում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերություններից մեկն է աշխարհում, ավելի քան 3 ամիս անցկացրեց Հայաստանում' ուսումնասիրելով Հայաստանի ավիացիոն շուկան:

 

Այս ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց ազատականացնել Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ու հայտարարեց «Բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: ՄաքՔինզին եզրակացրեց' ՀՀ տնտեսությունը կշահի, քանի որ տուրիզմի զարգացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի:

 

Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթադրյալ բարձր սակագներին, ապա ՄաքՔինզի ընկերությունը հայտարարեց, որ սակագները բարձր չեն և համապատասխանում են մատուցվող որակյալ ծառայություններին: Ուստի ասել, թե այս կամ այն ավիաընկերությունը սնանկանում է օդանավակայանի բարձր սակագների պատճառով ուղղակի անհիմն է և պարզունակ:

 

Պարոն Սաֆարյան, դուք ցանկացած ժամանակ կարողեք հանդիպել մեզ հետ և մենք պատրաստակամ ենք պարզաբանել, որ Արմավիա ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ:

 

Ներկայումս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ' բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Հավելյալ թռիչքների մի մասն արդեն իրականացվում են, մի մասն արդեն հայտարարվել են հաջորդ ամառվա համար, և դեռ շատերի մասին կհայտարարվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը նաև սերտ կապի մեջ է «Էյր Արմենիա» տեղական ավիաընկերության հետ և փորձում է լավագույն պայմանները ստեղծել վերջինիս հաջողության համար:

 

Դեռևս մեկ ամիս է, ինչ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում նոր քաղաքականություն է որդեգրել, ուստի կխնդրեինք պրն. Սաֆարյանին չխոչընդոտել' հնարավորություն տալով շուկայում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին (Կառավարություն, օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Տուրիզմի վարչություն, Ազգային Մրցունակության Հիմնադրամ) գոնե մի որոշ ժամանակ աշխատել «Բաց երկնքի» քաղաքականության զարգացման ուղղությամբ:

 

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ