Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կժամանի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք՝ ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա առանձնատանը հանդիպելու համար. գրում է BBC-ն:
Այս այցի մասին Քեմերոնը հայտարարել էր միայն չորեքշաբթի օրը: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա հայտարարել էր, որ Պուտինի հետ իրենց խոսակցության թեման լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը, ուր արդեն 2 տարի է՝ շարունակվում է զինված պայքարը կառվարական զորքերի և ընդդիմության միջև:
Բրիտանացի վարչապետի խոսքերով՝ անհրաժեշտ է արագացնել իշխանության քաղաքական հանձնումը՝ բռնություններին վերջ դնելու նպատակով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2011թ մարտից բռնկված քաղաքացիական այս պատերազմը Սիրիայում արդեն խլել է 70 հազար մարդու կյանք:
Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, Քեմերոնի այցը շարքային այցելություն չէ, քանի որ բրիտանացի վարչապետն անցնելու է ավելի քան 3 հազար կմ՝ Պուտինի հետ մի քանի ժամ զրուցելու համար:
Հաջորդ շաբաթ Քեմերոնը Սիրիայի հակամարտությունը քննարկելու նպատակով կայցելի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: