2012թ. նախորդ տարվա համեմատ թրաֆիքինգի դեպքերի աճը՝ (16-19) ըստ էության խոսում է ոչ թե սոսկ այդ դեպքերի արձանագրման աճի, այլ քրեական հետապնդման մարմինների' դրական աշխատանքի շնորհիվ այդպիսի դեպքերի բացահայտման ցուցանիշների աճի մասին: Այսպիսի դիտարկում է արվել 2012թ. ՀՀ դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդման մեջ:
Հայաստանում այդ խնդրով զբաղվող շահագրգիռ հասարակական, միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները ևս վկայում են, որ վերջին տարիներին հանրապետությունում էապես նվազել է թրաֆիքինգի ռիսկայնությունը: Դա պայմանավորված է այդ երևույթի մասին բնակչության' հատկապես խոցելի խմբերի իրազեկության բարձրացմամբ, ինչպես նաև թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ խիստ պատժողական քաղաքականություն գործադրելու միջոցով ընդհանուր կանխարգելիչ մթնոլորտի ձևավորմամբ:
Վերահսկող մարմնի վերլուծության համաձայն՝ թրաֆիքինգը դասվում է ոչ ակներևության պայմաններում կատարվող այն հանցագործությունների շարքին, որի՝ հատկապես սկզբնական փուլերը (հավաքագրման, փոխադրման և այլն) աչքի են ընկնում հանցավորի իրական նպատակների քողարկմամբ, մոլորության մեջ գտնվող տուժողների կողմից հոժարակամ և գիտակցված վարքագծի դրսևորմամբ, իսկ այդ գործողությունների հանցավոր բնույթը մեծամասամբ ի հայտ է գալիս հանրորեն վտանգավոր հետևանքների՝ վրա հասնելուց հետո:
Եթե դրան ավելացնենք այն հանգամանքը, որ շատ դեպքերում ոչ միայն հանցագործները, այլ նաև տուժողներն ու վկաները, տարբեր դրդապատճառներից ելնելով (վրեժխնդիր լինելուց վախենալու, միակ աշխատանքը չկորցնելու, ամոթից դրդված, ստանձնած պարտավորությունները կատարելու մղումից և այլն), շահագրգռված չեն հանցագործությունը բացահայտելու հարցում, ապա պարզ կդառնա թրաֆիքինգի դեպքերի քողարկվածության աստիճանը, որն էլ, իր հերթին, զգալի դժվարություններ է ստեղծում դրա դեմ պայքարի աշխատանքները կազմակերպելիս:
Հեղինակ:
«Փաստինֆո»