Mardik.am. Սպորտի նախարարի պաշտոնից ինձ պաշտոնանկ անելն ուներ քաղաքական ենթատեքստ, և նրանք, ովքեր ազատել են ինձ և նոր նշանակում են կատարել, արդեն պատասխանել են բոլոր հարցերին, ուստի… առանց մեկնաբանությունների։ Այս մասին mardik.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության պաշտոնաթող նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Վերջինս նշեց, որ կառավարությունը, կարծես թե, գոհ է եղել իր աշխատանքից, իսկ անձամբ Հ.Ռոստոմյանը նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի մասին ասում է. «Ես բաց քաղաքականություն եմ վարել, ինչ-որ հասցրել' հասցրել եմ, բայց շատ ծրագրեր կային, որոնք պետք է իրականացնեինք, ինչի արդյունքում հայկական սպորտն ավելի լավ վիճակում կլիներ»։

Նախկին նախարարի խոսքով՝ թեև իր պաշտոնավարման ժամանակը կարճ էր, բայց այդ ընթացքում փորձել են համակարգային փոփոխություններ անել՝ մասնավորապես, ըստ նրա, սպորտի և հաշմանդամային սպորտի բոլոր կառույցների հետ՝ բաց քննարկումների արդյունքում, մշակել են 2013-2017թթ. սպորտի զարգացման ծրագիր, որը, ինչպես նշեց Հ.Ռոստոմյանը, կցանկանար, որ անպայման իրականություն դառնար։

Հարցին՝ ափսոսո՞ւմ եք, որ հեռացել եք նախարարի պաշտոնից, Հ.Ռոստոմյանն ասաց. «Ես երբեք պաշտոնից կառչած չեմ եղել և որևէ խնդիր չունեմ, միակ խնդիրը մեր կողմից մշակված ծրագրերի անկատար մնալն է»։

Սպորտի նախկին նախարարը վստահեցրեց, որ ինքը սպորտից չի հեռանում, քանի որ ընտրվել է օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, նաև շարունակում է ղեկավարել բասկետբոլի ֆեդերացիան։

Ինչ վերաբերում է սպորտի նոր նախարարին, ապա Հ.Ռոստոմյանն ասաց. «Յուրի Վարդանյանը լեգենդար մարզիկ է, դրանով կսահմանափակվեմ»։

Իսկ ապագայում ինչպես է Հ.Ռոստոմյանը պատկերացնում սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի համատեղ աշխատանքը կամ համագործակցությունը, նա ընդգծեց. «Ես ցանկանում եմ, որ մի բան բոլորի համար պարզ լինի. ՀԱՕԿ-ն առանձին կազմակերպություն է և նրա գործառույթները տարբերվում են սպորտի նախարարության գործառույթներից։ ՀԱՕԿ-ը զբաղվում է ազգային ֆեդերացիաների գործունեության համակարգմամբ, օլիմպիական խաղերի մասնակցության հարցերով, իսկ սպորտի նախարարությունը՝ մասսայական սպորտի զարգացմամբ, առողջ ապրելակերպով»։ Նրա հավաստմամբ՝ ՀԱՕԿ-ը շարունակելու է իր գործառույթների սահմանում իրականացնել իր առաքելությունը։ «Կխաչվեն մեր ճանապարհները, չեն խաչվի, մենք մեր պարտականությունները, միևնույն է, կատարելու ենք՝ փորձելով օգուտ բերել հայկական սպորտին»,- ընդգծեց Հ.Ռոստոմյանը։