Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի կունենա Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը, և նաև նորակառույց եկեղեցում կամփոփվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը:
Եկեղեցու բացմանը Գագիկ Ծառուկյանը հրավիրել է ՀՀ երեք նախագահներին էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Եվ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն է լռում՝ նախագահը մասնակցելո՞ւ է միջոցառմանը, թե՞ ոչ:
«Երեք նախագահներին էլ մասնակցության հրավերներ ուղարկվել է: Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը արդեն իսկ հայտարարություն տարածել է, որ նախագահը մասնակցելու է, երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վ. Սողոմոնյանը ասել է, որ նախագահը հավանաբար կմասնակցի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանից մասնակցության մասին տեղեկատվություն ես առայժմ չունեմ»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Քրիստինա Մկրտչյան