Ղրղզստանի խորհրդարանը Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն հայտարարել է իրենց հանրապետությունում «ոչ ցանկալի մարդ», հաղորդում է «INTERFAX»-ը:
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորներն այդ մասին որոշումն ընդունել են այսօր կայացած նիստի ժամանակ: Հարցն օրակարգ է մտել խորհրդարանի «Աթա-Ժուր» խմբակցության անդամ Ժիլդիզկան Ջոլդոշովայի նախաձեռնությամբ: Նա Ղրղզստանի համար կասկածելի և վիրավորական է համարել Ժիրինովսկու այն արտահայտությունը, որ արտաքին պարտքերից Ղրղզստանին փրկելու համար ղրղզները որպես շնորհակալություն Ռուսաստանին պետք է նվիրեն Իսսիկ-Կուլ լիճը:
«Ո՞վ է նրան այդպիսի հայտարարություն կատարելու իրավունք տվել: Ոտնձգություն անել մեր ինքնիշխանությա՞ն վրա: Կարծում եմ այդ բանից հետո Ժիրինովսկին բարոյական իրավունք չունի մտնել Ղրղզստան»,- հայտարարել է Ջոլդոշովան: