ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 15-ին ընդունեց Ֆրանս Տելեկոմ «Օրանժ» ընկերության ներկայացուցիչներին՝ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացվեց «Օրանժ Արմենիա» ընկերության ներկա գործունեությունը, հետագա նախագծերը, հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները:
Ֆրանսիս Ժելիբտերը տեղեկացրեց, որ հունվար ամսից Հայաստանում ներդրվելու է «Համարների տեղափոխելիության» համակարգը, նախատեսվում է նաև սակագների վերանայում, որոնք հնարավորություն կտան ավելի դինամիկ դարձնել ընկերության հետագա գործունեությունը:
Գագիկ Բեգլարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի բջջային երրորդ օպերատորի ապագա ծրագրերն իրականություն կդառնան.
«Օրանժ»-ի դիրքերն օրեցօր պետք է լավանան: Մենք անում ենք հնարավորը, որ Հայաստանում գործող օպերատորների միջև լինի առողջ մրցակցություն, որը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել և սիրով աջակցել ընկերությանը ցանկացած հարցում»,-նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ: