Այս պահին ֆինանսների նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչները՝ պահանջելով իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ–ից ձեռք բերած բնակարանները։ Նրանք բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով արդարացի լուծում տալ ստեղծված իրավիճակին։ Ըստ նախապես կայացված որոշման՝ այսօր քաղաքացիները պետք է հանդիպում ունենային Ֆինանսների նախարարի հետ, սակայն հայտարարվեց, որ նախարարը տեղում չէ: Բնակիչների պնդմամբ՝ նախարարը շենքում է, սակայն խուսափում է իրենց հետ հանդիպել: Փաստն առաջացրեց քաղաքացիների զայրույթը, հայտարարեցին, թե ինչքան պետք է, կմնան այստեղ:
«Թեկուզ գիշեր էլ լինի, չենք հեռանա այստեղից: Մինչև վերջ գնալու ենք, պայքարելու ենք մեր բնակարանների համար»,-Lurer.com-ի հետ զրույցում ասաց տուժած քաղաքացիներից մեկը:
Նշենք, որ «Տոնուս» ՍՊԸ-ն պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: