Երևանի թիվ 1 շուկայի (Փակ շուկա) տարածքի վերգետնյա հատվածում ներկայումս շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում: Ոլորտը կարգավորող իրավասու մարմինների կողմից քննարկվել է շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը և առաջարկություններ են ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Ընդ որում՝ էսքիզային նախագծում արդեն առաջարկվել է, որպեսզի պահպանվի շուկայի նախկին տեսքը: Նախագիծը ներկայումս գտնվում է համաձայնեցման փուլում: Այս մասին Ազգային ժողովի մայիսի 22-ի նիստում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը՝ ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հարցի:

Նախարարն ընդգծեց, որ քաղաքապետարանի կողմից միանշանակ հանձնարարական է տրված՝ մինչև նախագծի հաստատումը տվյալ հատվածում շինարարական աշխատանքները դադարեցված են:

Պատգամավորը հարց էր ուղղել կառավարությանը, թե այն պարագայում, երբ մշակութային հուշարձան հանդիսացող Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնողը երկու անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի և 2,5 մլն դրամի չափով տուգանքների, սակայն այսօր էլ շարունակում է ապօրինի շինաշխատանքները, հետևաբար՝ պետք է հարուցվեր քրեական գործ: Ըստ պատգամավորի, այս պարագայում արդեն քրեական գործ պետք է հարուցվեր ապօրինի շինարարությունը թույլ տված անձի՝ Երևանի քաղաքապետի նկատմամբ:

Նախարարը նշեց, որ շուկայի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2012թ.-ին թույլտվություն է տրվել: Համաձայն նախագծի, նախատեսված էր իրականացնել ստորգետնյա հարկերի ուժեղացման և վերակառուցման աշխատանքներ: «Նախարարության կողմից ընթացքում իրականացվեց համապատասխան ուսումնասիրություն և իրականում փաստվեց, որ կառուցապատողը շինարարություն է իրականացնում նաև վերգետնյա հատվածում, որի հետ կապված գրավոր հաղորդագրություն ուղարկվեց քաղաքապետարան, և քաղաքապետարանը վարչական պատասխանատվության ենթարկեց»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ, սակայն, որոշ ժամանակ անց շինարարությունը նորից շարունակվել է, և քաղաքապետարանն երկրորդ անգամ դադարեցրել է նշված աշխատանքներն ու կրկին անգամ վարչական պատասխանատվության ենթարկել կառուցապատողին:

Հեղինակ:
«Փաստինֆո»