Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Shamshyan.com-ը, մայիսի 17-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: 00:30-ի սահմաններում Քանաքեռ ՀէԿ 4/1 շենքի բնակիչ 25-ամյա Նորայր Սիմոնյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի' 96 DQ 096 համարանիշի ավտոմեքենան, Ադոնցի փողոցով ընթանալիս թիվ 14/2 հասցեի դիմաց ավտոմեքենայով բախվել է շրջադարձային հատվածում գտնվող կրպակին: Վթարի հետևանքով Ն. Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Փաստի առթիվ ոստիկանութան Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր իրեն է զանգահարել վարորդ Ն. Սիմոնյանը և հայտնել, որ վթարի պատճառը եղել է այն, որ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ինքը չի ենթարկվել նրա կանգառին, փորձել է խույս տալ ՃՈ տեսուչից, ով էլ հետապնդել է իրեն, որից հետո ինքը վախից չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել: Նա պնդում էր նաև, որ վթարից հետո տեսուչը, տեսնելով դա, թողել և հեռացել է՝ իրեն թողնելով անօգնական վիճակում, սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն հավաքվել են մարդիկ, տեսուչը մոտեցել է վթարի վայր և ինքը ասել է, որ վթարի մեղավորը ՃՈ աշխատակիցն է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննիչի կողմից նշանակված արյան անալիզի փորձաքննությամբ պարզվել է, որ վարորդ Ն. Սիմոնյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի