Այսօր՝ մայիսի 24-ին, Վերջին զանգի տոնակատարության հետ կապված Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում, որպեսզի անչափահաս դպրոցականները չվարեն ավտոմեքենաներ, չկախվեն մեքենաների լուսամուտներից դուրս:
Այդ մասին օրեր առաջ Ճանապարհային, ոստիկանության պատասխանատուները կոչով դիմել էին ազգաբնակչությանը, մասնավորապես շրջանավատների ծնողներին, որպեսզի երկաթյա նժույգները չվստահեն երեխաներին, իսկ նման վարորդներ, եթե հայտնաբերվեն, անկախ ավտոմեքենայի մակնիշից, համարանիշից, տիրոջ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, տեղափոխվելու են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անչափահասների կողմից մեծ թվով վարած ավտոմեքենաներ, այդ թվում՝ Porsche Cayenne մակնիշի 24 AA 444, Cadilac մակնիշի 77 ՍT 177, Lexus մանիշի 55 QO 515, Mercedes մակնիշի 77 VM 777, BMW X5 մակնիշի 70 QQ 077, Mercedes մակնիշի 77 MՏ 777, Opel մակնիշի 06 ՏՏ 282, Mercedes մակնիշի 15 ՏN 555 համարանիշի ավտոմեքենաները տեղափոխվել են «գայի պլաշադկա»:
Նշված ավտոմեքենաների բոլոր սեփականատերերի և այն վարած վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և մեքենաները երկար ժամանակով մնալու են ՃՈ հատուկ պահպանվող տարածքում, ինչը դաս կլինի ծնողներին, որ հետագայում նման քայլի չդիմեն: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը և բոլոր օրինախախտների երկաթյա նժույգները հայտնվելու են «գայի պլաշադկա»-ում: