Մոսկվայի քննչական մարմինները հայտնի երգիչ Վիտասի (իրական անունը' Վիտալի Գրյաչեւ) նկատմամբ քրեական գործ են հարուցել' իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար' ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի հատկանիշներով: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, այս հոդվածը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ունեն տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է երգիչը ոտքով հարվածում ոստիկանին եւ հայհոյում:
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում սա արդեն երկրորդ քրեական գործն է, որ հարուցվում է երգչի նկատմամբ: Առաջին քրեական գործը հարուցվել է հեծանիվով երթեւեկող մի աղջկա վրաերթի ենթարկելու համար' ՌԴ քրեական օրենսգրքի' 119-րդ հոդվածի 1-ին մասով (կյանքի համար վտանգավոր կամ ծանր մարմնական վնասվածքի պատճառում), որը նախատեսում է մինչեւ 2 տարվա ազատազրկում:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 10-ի երեկոյան: «Ինֆինիտի» ավտոմեքենան, որի մեջ գտնվել է Վիտասը, վթարի է ենթարկել հեծանվորդուհի Օլգա Խոլոդովին' փորձելով հեռանալ դեպքի վայրից: Ականատեսների խոսքով, փախուստի անհաջող փորձից հետո, երգիչը ատրճանակով սպառնացել է տուժողին: Pravo.ru-ի փոխանցմամբ, երգիչը հրաժարվել է նաեւ բժշկական զննության ենթարկվել: Նա նաեւ հրաժարվել է շփվել դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ, իսկ երբ, այդուամենայնիվ, դուրս է եկել ավտոմեքենայից, սկսել է վիճաբանել ոստիկանների հետ' նրանց վիրավորելով եւ հայհոյելով: