Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, 18 հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Դեպքի վայրում են գտնվում նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նոյեմբերյանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արման Բուդաղյանի և քննիչ Արկադի Աբովյանի գլխավորությամբ: Ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն այս պահին պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ միկրոավտոբուսը Գյումրիից Ռուսաստան էր տեղափոխում ուղևորների: *** Ժամը 09:52 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը դեպքի վայրում հայտնեց, որ վարորդը եղել է Գյումրու քաղաքի բնակիչ, 55-ամյա Կարապետ Կոջօղլյանը, իսկ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 52-ամյա Ավետիք Թորոսյանն էր: *** Ժամը 10:42 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիրչ Ա. Աբովյանի որոշմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի