Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առընչություն չունի Փայլակ Հայրապետյանի կազմակերպության հետ, ավելին, երբևէ անձամբ, կամ այլ լիազորված մարդու միջոցով չի գրանցել որևէ կազմակերպություն Կիպրոսում կամ աշխարհի որևէ այլ օֆշորում:
Այս մասին HayNews.am-ին հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը։
«Բազմաթիվ են փորձերը վարչապետի անունը կապել այս կամ այն բիզնեսի հետ: Հավաստիացնում են, դրանք ամբողջությամբ հերյուրանք են: Տիգրան Սարգսյանի սեփականության, ֆինանսական միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված վարչապետի հայտարարագրում»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ Hetq.am-ը գրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:
Ըստ Բերբերյանի' լրատվամիջոցի կողմից ներկայացված այսպես կոչված փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն, դրան իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով. «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքը առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված»: