Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ՊԵԿ նոր ղեկավարության կողմից նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ազատվելու նպատակը «Յունիսերվ» ՍՊԸ-ն ստեղծելն էր, որն, ըստ էության, իրականացնելու է նույն գործառույթները՝ զբաղվելով մաքսային միջնորդական ծառայությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերության հետևում կանգնածներից մեկն էլ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է, ում մամուլը կնքել է «Նակոլկա Շուշո» մականունով՝ ոտքին դաջվածք ունենալու պատճառով:
Սակայն տարածված տեղեկություններն ինքը՝ Ներսիսյանը, որակել է կեղծ՝ առաջարկելով ուսումնասիրել իր գործունեությունը. «Դատելով վերջին շրջանում իմ անձին վերագրվող տարբեր կեղծ լուրերը, որոնցից վերջինը վերաբերում է նորաստեղծ մաքսային միջնորդական կազմակերպության իրական շահառու լինելուն` կարելի է եզրակացնել, որ իմ գործունեությունը շատ մարդկանց խանգարում է։ Հետաքրքիր են նաև «որոշ» մաքսային միջնորդների շրջանակներում տարածված խուճապահար խոսակցությունները, որոնցից կարելի է փաստել, որ աշխատանքս գնում է ճիշտ ուղղությամբ։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չեմ զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կոչ եմ անում համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել իմ գործունեությունը և առաջարկում եմ իմ լիակատար համագործակցությունը՝ սկսած ֆինանսական միջոցների մասին տեղեկություն տրամադրելուց, մինչև անձնական հեռախոսի տվյալների ուսումնասիրություն»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Շուշանիկ Ներսիսյանը:
Նկատենք, որ սա Շուշանիկ Ներսիսյանի անվան հետ կապվող առաջին դեպքը չէ: Ըստ տարածված խոսակցությունների` վերջինս հայտնի է որպես ՊԵԿ-ի «ասող», ում «թուրն ամեն տեղ կտրում է»: Ավելին, նշվում է նաև, որ Ներսիսյանը ոչ միայն ինքը չի պատկերացնում մաքսային ոլորտը, այլև աշխատանքի է տեղավորում ոլորտի հետ առնչություն չունեցող իր ծանոթ-բարեկամներին:
Ի դեպ, Շուշանիկ Ներսիսյանը Պետական եկամուտների կոմիտեի այն բախտավոր աշխատակիցների թվում է, ում` պաշտոնի ժամկետի մեկ տարին չլրացած, լավ աշխատանքի համար ստացել է ախորժելի պարգևավճար՝ 6 մլն 6 հազար դրամ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ փոխնագահ է նշանակվել 2018-ի օգոստոսի 24-ից:
Նա նաև այն բարձրաստիճան պաշտոնյաների թվում է, ով հայտնվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից անբարեխիղճ հայտարարարատուների թվում՝ 2018-ին պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկում։ Իսկ հայտարարագիրը ներկայացրել է պաշտոնը զբաղեցնելուց 3 ամիս հետո միայն, երբ հանձնաժողովը հրապարակել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց անունները, այդ թվում՝ Շուշանիկ Ներսիսյանինը:
Սոնա Հարությունյան