Վերջին օրերի առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքի որոշ փողոցներում արձանագրված անձրևաջրերի կուտակումները պայմանավորված են 70-ական թվականներին կառուցված ջրահեռացման համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով: Այսօր նման հայտարարություն է արել «Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը։

Նշենք, որ մայրաքաղաքում առկա է 250 կմ հեղեղատար ցանց, որը սպասարկվում է «Երևան Ջուր» ընկերության կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը և «Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը ներկայացրել են նախորդ տարիներին մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի նորոգման և արդիականացման աշխատանքները և այդ ուղղությամբ 2013թ. նախատեսված ծրագիրը:

2011-2012 թվականների ընթացքում վերակառուցվել են Ռուբինյանց, Լենինգրադյան, Խորենացու, Սևանի և Թևոսյան փողոցների անձրևատար համակարգերը:

Կ.Ղազարյանի տեղեկացմամբ, քաղաքապետի հանձնարարականի հիման վրա հատուկ ուշադրություն կդարձվի Երևանի քաղաքապետարանի ծրագրերով այս տարի հիմնանորոգվող 30 փողոցների ջրահեռացման համակարգերին' ավելացնելով անձրևորսիչների և դիտահորերի քանակը: Ըստ անհրաժեշտության, անձրևաջրերի հնարավոր կուտակումներից խուսափելու համար մինչև տարեվերջ ջրահեռացման համակարգերի վերազինման տեխնիկական աշխատանքներ կիրականացվեն նաև հիմնովին ասֆալտապատման ցանկում չներառված փողոցներում: Անդրադառնալով անձրևաջրերի՝ որոշ դեպքերում մասնավոր շինություններ ներթափանցելու խնդրին՝ Կ.Օհանյանը նշել է, որ դրանք հիմնականում կառուցապատման կանոնների խախտման հետևանք են, երբ այս կամ այն շինությունը գետնի մակերեսի զրոյական նիշից ցածր է կառուցվում: Իսկ թե ինչու է թույլատրվել կառուցապատման կանոնների խախտմամբ շինարարության իրականացումը՝ որեւէ մեկը չի պարզաբանել, սակայն շտապել են իրենց անգործության հետեւանքով արձանագրված խախտումն օգտագործել անձրեւաջրերի՝ շինություններ ներթափանցումը արդարացնելու համար։

Հեղինակ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»