Ինչպես հայտնի է' ՀՀՇ համագումարին ելույթ ունենալով' ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը հայտարարել է, թե միջազգային կառույցները օրհնել են Սերժ Սարգսյանին' այդ կերպ պայմանավորելով նաև միջազգային դիտորդների տված մեղմ գնահատականը հայաստանյան ընտրություններին: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ ՀԱԿ երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր իրականացրել' պահանջելով պարտավորեցնել հայաստանյան իշխանություններին գործնական քայլեր ձեռնարկել Մարտի մեկի 10 սպանությունները բացահայտելու և հանցագործներին պատժելու ուղղությամբ, ինչպես նաև խիստ արձագանքել մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին և ազատ արձակել ՀԱԿ չորս ակտիվիստներին:
ԳԱԼԱ-ի լրագրողը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքվել է, թե արդյոք միջազգային կառույցները իսկապես «օրհնել» են Սերժ Սարգսյանին և ի՞նչ է կարծում' ՀԱԿ-ի առաջ քաշած պահանջները կկարողանան լուծել: «Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ բացարձակ խաղացող չէ, բացարձակ հարց լուծող չէ մեր տարածաշրջանում կատարվող պրոցեսների վերաբերյալ: Ավելի հստակ ասեմ' Իրանի հետ կապված դեպքերը, Սիրիայի հետ կապված դեպքերը, ռուս- թուրքական հարաբերությունները, ռուս-ամերիկյան հարաբերությունները այնքան են խորացած, այնքան կարևոր փուլերի մեջ են, որ տարածաշրջանային լուրջ կարևոր հարցեր են լուծում, էներգակիրների մուտքն է Երևան, հայ-թուրքական սահմանի բացումն է, Ղարաբաղի խնդրի լուծումն է, Սիրիայի և Իրանի խնդիրներն են: Այս բոլոր խնդիրները իրենց մասշտաբներով այնքան մեծ են, որ ընդարձակվել են և դարձել միջազգային հանրության կարևոր խնդիրներից մի քանիսը, և այս խնդիրների շուրջ Հայաստանը, չլինելով խաղացող, իր ոչ լեգիտիմ նախագահի և ոչ նորմալ ընտրությունների պատճառով դարձել է ընդամենը գործիք, դարձել է ընդամենը միջոց, որին փորձում են օգտագործել միջազգային ուժերը»,- կարծիք է հայտնել Արամ Մանուկյանը:
Ըստ նրա' այդ միջազգային ուժերը ՆԱՏՕ-ն է, ՌԴ-ն, Եվրամիությունը և ԱՄՆ-ն: Իսկ այս բոլոր քաղաքական և ուժային կենտրոններին ձեռք է տալիս ունենալ Հայաստանում թույլ և խաղարկվող իշխանություն: «Այդ առումով է, որ միջազգային կառույցները այսօր Սերժ Սարգսյանին աջակցելու են, որովհետև ինքը խոստացել է ռեգիոնալ խնդիրները լուծել: Մենք դրա դրսևորումներից մեկին մի քանի օր առաջ ականատես եղանք»,- մեզ հետ զրույցում ասել է Արամ Մանուկյանը: Խոսքը, ըստ նրա, գազի գնի բարձրացումն է, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորը համարում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործընթացների հետևանք:
Փայլակ Ֆահրադյան