ԳԱԼԱ. Բնակարաններում թաքցրած գումարները 85 տոկոսով կողոպտիչները կարողանում են գտնել:
Արձակուրդային սեզոնի նախօրեին նախկին բնակարանային գողը պատմել է, թե որտեղ պետք չէ պահել գումարները բնակարանում:
Նիկոլայ Սինիցին անունով նախկին բնակարանային գողը, ով այս գործին իրեն նվիրել էր 2000թ-ից, կյանքի 35 տարիների ընթացքում արդեն 2 անգամ հասցրել է լինել բանտում: Հիմա հայտարարում է, որ ունի ավտոմեքենաների անվադողերի և դիսկերի վաճառքի իր սեփական ինտերնետ-խանութը: Նա ունի բավականին անշուք արտաքին, հագնում է շատ հասարակ, բայց կոկիկ: Իր զրուցակցի աչքերի մեջ նայել չի սիրում, սակայն հաճախ է կատակում և ծիծաղում: Ասում է, որ նրան փոխվել օգնեց հավատքը: Համաձայնեց հարցազրույց տալ, որպեսզի քավի իր նախկին մեղքերը և մարդկանց օգնի պահպանել իրենց ունեցվածքը:
-Ինչպիսի՞ սկզբունքով են գողերը ընտրում բնակարանները:
- Ամեն անգամ տարբեր կերպ: Նրանց, ում պետք է թմրանյութ, մտնում են ցանկացած բնակարան: Նա, ով ավելի խելացի է, կարող է շաբաթներով բնակարան ընտրի: Նախկինում ավելի շատ էին ընտրվում երկաթե պատուհաններով տները, քանի որ նման ճոխություն իրենց կարող էին թույլ տալ միայն հարուստ մարդիկ: Այսօր այդ սկզբունքը արդեն չի գործում: Շատ հաճախ գնահատում են տան տիրոջ մեքենան, նրա պայուսակը, ինչպիսի կոշիկներ են հագնում և այլն: Իսկ եթե կողոպտիչ խումբը «գնում է գործի» հատուկ զգուշացված բնակարանում, այս պարագայում կողոպուտի օբյեկտն արդեն պարզ է, մնում է որոշել, թե ինչպես մտնել տուն:
-Իսկ հաճա՞խ է կողոպտվում բնակարանները գողավարի ցուցումով:
- Ոչ հաճախ, սակայն դեպքեր եղել են: Ընդհանրապես, եթե Ձեզ կողոպտում են, հաստատ իմացեք, որ դա եղել է Ձեր շրջապատում ինչ-որ մեկի հուշմամբ: Որպեսզի բնակարանը «տեղը տեղին կողոպտվի», անհրաժեշտ է ժամանակ: Եթե սովորական կողոպուտը տևում է 5-7 րոպե, ապա ինչ-որ մեկի հուշմամբ կողոպտվող բնակարանում հաստատ գիտես, որ տան տերերը հանկարծակի չեն հայտնվի, և կարող ես մնալ տանը կես ժամից մեկ ժամ: Այս ժամանակը լրիվ բավական է, որ տունը գլխիվայր շրջվի: Գործում ես հետևյալ կերպ. սկզբում վերցնում ես այն, ինչ ասել է գողավարը (наводчик), հետո սկսում ես հետախուզել բնակարանը:
-Իսկ ի՞նչ իմաստ այն մարդկանց համար, ովքեր խորհուրդ են տալիս իրենց այս կամ այն բարեկամների կողոպտելու համար: Նրանք այդ ձևով ուզում են հարստանա՞լ:
- Լինում է նաև այդպես: Այդ դեպքում նրանց բաժնեմասը կազմում է 10-15 տոկոս: Սակայն, անկեղծ ասած, ես այդպիսի մարդկանց շատ հաճախ խաբում էի: Գնում էի գործի, սակայն նրանց ոչինչ չէի վճարում: Շատ հաճախ գողավար դառնում էին՝ ելնելով մարդկային նախանձից, ժլատությունից, կամ պարզապես հիմարությունից:
- Ի՞նչը կարող է կանգնեցնել գողին:
- Հակաառևանգման համակարգը կամ ինչ-որ մեկը: Ես սնահավատ մարդ եմ և շատ հաճախ ուրախանում էի, եթե ինչ-որ մեկը ինձ խանգարում էր մտնել բնակարան: Ավելի լավ է ինձ վախեցնեին դռան մոտ, քան ձերբակալեին բնակարանում: Չկան այնպիսի գողեր, ովքեր կարող են մտնել այնպիսի տներ, որտեղ կա հակաառևանգման համակարգ: Ինչպես նաև գողերին կարող են կանգնեցնել դռան լավ կողպեքները: Անկեղծ ասեմ՝ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր իրենց տների համար գնում են թանկարժեք զրահապաշտպան դռներ, սակայն այդ դռների վրա տեղադրում են չինական արտադրության էժանագին կողպեքներ, որոնք կարելի է բացել պտուտակի մեկ շարժումով:
-Իսկ բնակարանային գողերը գործում են միայնա՞կ, թե՞ խմբերով:
- Նույնպես տարբեր են: Մենք միշտ գործի գնում էինք երեքով: Երկուսը մտնում էին բնակարան, իսկ մեկը հսկում էր մուտքը:
-Որտե՞ղ պետք չէ պահել փողերը բնակարանում: Ինչպիսի՞ վայրեր են գողերը սկսում ուսումնասիրել նախ և առաջ:
-Ավելի լավ է գումարները բնակարանում ընդհանրապես չպահել: Ավելի լավ է դրանք տարեք բանկ: Իսկ ընդհանրապես գործի սխեման հետևյալն է. սկզբում վերցնում ես այն, ինչ տեսնում ես վազաների մեջ, ամանների մեջ, զարդատուփերում և սեղաններին: Սովորաբար դա արծաթ կամ ոսկի է: Հետո սկսում ես քրքրել դարակները և պահարանները: Ստուգում ենք նաև գրքերը, քանի որ շատերը գրքերը փորում են և այնտեղ պահում իրենց փողերը: Բացի դրանից մարդիկ շատ են սիրում փողերը պահել անկողնու տակ: Նաև սիրում են պահել բարձերի մեջ, ընդեղենի ամանների մեջ, շաքարի մեջ: Մենք ունենք այսպիսի սկզբունք, եթե խոհանոցի պահարանում կա մի աման որի վրա փոշի է նստել, նշանակում է այդ ամանում անպայման փող կա:
Հասմիկ Մանուկյան