ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կիպրոսում կամ որևէ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և որևէ մեկին չի լիազորել իր անունից կազմակերպություն գրանցել:
ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված դիմումում հայտարարելով այս մասին՝ ՀՀ վարչապետը խնդրել է ուսումնասիրել և քննության առարկա դարձնել «Հետք» համացանցային կայք-էջում «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները:
Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, վարչապետի դիմումը դատախազությունն արդեն ստացել է եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տվել:
Մայիսի 29-ի՝ հիշյալ հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը:
Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: