Հունիսի 3-ին՝ ժամը 17:25-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-49-րդ կիլոմետրում ուժգին քամին կոտրել ծառեր, որոնք մասամբ խոչընդոտում են երթևեկությանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները մասնատել և ավտոճանապարհից հեռացրել են 3 ծառ:
Նույն օրը՝ ժամը 17:37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղի մի շարք տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Մ.Ղազարյանին պատկանող տանը կից օժանդակ կառույցի տանիքը՝ 200 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև՝ հարևանությամբ գտնվող Յ.Կյուրղինյանին պատկանող տան տանիքը:
Ըստ ԱԻՆ-ի հաղորդած տեղեկությունների՝ քամու հետևանքով շրջվել են 6 էլեկտրասյուն, պտղատու ծառեր և վնասվել են շուրջ 10 տան տանիքներ:
Բացի այդ, նույն օրը՝ 19:05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են նաև Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մի շարք տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղում վնասվել են Տ.Կարապետյանի, Մ.Հարությունյանի տան տանիքները, շրջվել է երկու ծառ՝ վնասելով էլեկտրալարերը, իսկ Մ.Հակոբյանին պատկանող տան տանիքը (100 քմ) պոկվել է, ինչից վնասվել են մի շարք տան տանիքներ և այգիներ: