Henaran.am-ը փորձեց Սյունիքի մարզպետարանից հետաքրքրվել , թե ինչ է նշանակում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած երեկվա հայտարարությունը, թե մինչեւ հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության գործի նախաքննության ավարտը մարզպետը վայր է դնում իր լիազորությունները, քանի որ այն հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մարզպետարանից չկարողացան մեկնաբանել հայտարարության հակասությունը, նաեւ չկարողացան նշել, թե ով է այս պահին Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը:
Կառավարության նիստի առաջիկա օրակարգում, ըստ մեր աղբյուրների, ընդգրկված չէ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի հարցը: "Նա աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել, եւ կառավարությունը չի կարող քննարկել դիմումը",-նշեց Henaran.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը կառավարությունում եւս լուրջ չի ընդունվում եւ փաստացի Սուրիկ Խաչատրյանը շարունակում է մնալ մարզպետ:
Մեր աղբյուրի պարզաբանմամբ, կառավարությունը կարող է պաշտոնանկ անել Սուրիկ Խաչատրյանին, բայց քանի որ հարցը իրավական ոլորոտում է, առայժմ չեն ուզում սեփական նախաձեռնությամբ հանդես գալ:
Որոշ տեղեկություններով, հինգշաբթի կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սուրիկ Խաչատրյանի ճակատագիրը քննարկվելու է: