Այսօր Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարություն է արել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն դատի է տվել: Նա դիմել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Հարությունյանը բազմաթիվ բացահայտումներ էր արել Սուրիկ Խաչատրյանի հետ կապված: Նրա մեկնաբանությամբ՝ «Մեր ժամանակների հակահերոս Լիսկան առանձնացրել է 2 փաստ եւ պահանջ ներկայացրել, որպեսզի ինձ դատարանը համարի զրպարտիչ, ինձ ստիպեն, որ հերքում տամ, հերքեմ իմ հայտարարությունները եւ միաժամանակ պահանջել է ինձնից՝ վերջին 19 տարիների ընթացքում գործազուրկի կարգավիճակում հայտնված քաղաքացուց, իր օգտին բռնագանձել 1.5 մլն դրամ»: Սամվել Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի այդ դատական հայցի հետ կապված հայտարարեց. «Այդ հայցադիմումը ամբողջությամբ տաղտկալի բարբաջանք է: Այն ունի ազգօգուտ պայքարից ինձ շեղելու, հանրության ուշադրությունը իր մոգոնած ճղճիմ հարաբերություններին բեւեռելու սին նպատակ: Ոչ տխրահռչակ Լիսկան, ոչ 20-ամյա լռությունից հետո նրան, կարեւոր չէ ինչի դիմաց, օգնության շտապած նախկին սիրուհին եւ զոհը, ոչ էլ ոչ ոք ինձ չեն կարող շեղել բռնազավթված Գորիսը, Սյունիքը, Հայաստանը լիսկաթափելու, ազատ, անկախ հայրենիք կերտելու 1988-ին որդեգրածս ուղուց»: Հայցադիմումում Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ Սամվել Հարությունյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Սամվել Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը ցայսօր չի ընկալել եւ չի կարող ընկալել այդ բառերի իրական իմաստը, արժանիքներ, որոնցից երբեք չի ունեցել: Աքսիոմատիկ ճշմարտությունն ապացուցելու խնդիր չունի, իսկ ճշմարտությունն այն է, որ մեր ժամանակների հակահերոս, գողության, չարամիտ խուլիգանությունների, ամուսնացած լինելու եւ 2 դուստր ունենալու պարագայում կնության վերցնելու նպատակով թուրք աղջիկ առեւանգելու, բռնաբարելու համար դատապարտված, 1972-87 թթ հիմնականում կալանավայրերում անցկացրած Սուրիկ Խաչատրյանը, վերջին 23 տարիներին կանաչ ճանապարհ եւ բարձր պետական պաշտոններ ստանալով ՀՀ բարձրագույն իշխանավորների կողմից, կատարել է բազմաթիվ ծանր ոճիրներ, այդ թվում՝ սիրուհի Արեւիկ Միրզոյանի վրա կրակելու, նրան ծանր վիրավորելու, իրենից սպասվող երեխային սպանելու, քաղաքացի Անուշավան Առուշանյանի վրա կրակելու, նրան ծանր վիրավորելու մասին: ԶԼՄ-ներով հրապարակվել են հարյուրավոր հոդվածներ, հայտարարություններ, ելույթներ, բերվել են նրա ոճիրներն ապացուցող աղաղակող փաստեր, որոնցից ոչ մեկը դատարանի վճռով կամ այլ կերպ հիմնավորապես չի հերքվել: Միայն վերջին 80 օրերին հեռուստաեթերով, այլ ԶԼՄ-ներով ունեցածս ավելի քան 20 ելույթներում, հայտարարություններում, հարցազրույցներում հրապարակել եմ Լիսկայի եւ նրա բանդայի կատարած ոճիրների մասին ճչացող փաստեր, ապացույցներ, քանիցս պահանջել եմ, որ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները վերջակետ դնեն վերջինիս 23-ամյա արտասովոր քրեական ընթացքի հետ կապված, դրսեւորած հանցավոր անգործությանը, անհապաղ հարուցեն քրգործ, ձերբակալեն ու կալանավորեն նրան: Սակայն մինչ օրս քրեական գործ չի հարուցված»: Սամվել Հարությունյանը վստահ է, որ Սուրիկ Խաչատրյանը իր պետական եւ մյուս լծակներն է օգտագործում՝ իր կատարած ոճիրները պարտակելու ուղղությամբ. «Անկասկած, ճչացող ցինիզմ է, որ այդքանից հետո Խաչատրյանն իրեն իրավունք է վերապահել հրապարակածս մոտ 50 փաստերից առանձնացնել ընդամենը երկուսը՝ փորձելով հենվել այն իրողության վրա, որ Արեւիկ Միրզոյանի վրա 92-ին կրակելու եւ Անուշավան Առուշանյանի վրա 96-ին կրակելու փաստերի վերաբերյալ հարուցված քրգործերը առաջինի դեպքում զինդատախազության, իսկ երկրորդի դեպքում՝ Գորիսի դատախազության կողմից ջրվել, հետո էլ հանիրավի կասեցվել, ապա կարճվել են: Այդ ծանր հանցանքների համար նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»: Ըստ պարոն Հարությունյանի, վրդովեցուցիչ է, որ դատարանը աճապարելով՝ վարույթ է ընդունել Սուրիկ Խաչատրյանի հայցադիմումը. «Հայաստանում արյունարբու, դահիճ, բռնաբարող, թալանչի, կողոպտիչ, հափշտակիչ, կեղծարար, վնասատու, իշխանության եւ հայրենիքի զավթիչ, արտագաղթի մեղավոր, բառերի միավորման այդ եւ այլ արատավոր երեւույթների վրա խարսխված համակարգը վերից վար կոչվում է լիսկայություն»: Նա կոչ արեց «լիսկայությունը» նետել աղբանոց եւ ասաց, որ դատարանն ունի այդ հնարավորությունը՝ դրսեւորելու անաչառ վերաբերմունք՝ «արդար վճռով ամբողջությամբ մերժելու Լիսկայի ապօրինի պահանջները եւ իր կարեւոր ավանդն ունենալու հայոց հասունացող սրբազան պայքարում»: