Սյունիքի՝ լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարած մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանությունն ստանձնել են Փաստաբանների պալատի փաստաբաններ՝ Կարմեն Սահակյանը և Մարտին Զիլֆուղարյանը: Հնարավոր է նրանց միանա նաև Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Կարմեն Սահակյանը կտրականապես հրաժարվեց գործի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել և միայն ասաց, որ Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը: Ինչ վերաբերում է Զարզանդ Նիկողոսյանին, ապա վերջինը փաստաբանի խոսքով, չի ընդունում հենց առաջադրված մեղադրանքը:

«Տիգրանը չի ընդունում իր մեղքը, իսկ Զարզանդը՝ ոչ առաջադրված մեղադրանքում»,-փոխանցեց փաստաբանը՝ միևնույն ժամանակ չնշելով, թե հատկապես ինչպիսի մեղադրանք է ընդունելի Զարզանդ Նիկողոսյանի համար: Ինչ վերաբերում է գործին ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի ներգրավելուն, ապա փաստաբան Կարմեն Սահակյանն ասաց, որ ինքը նախաքննական մարմնին դիմում է պատրաստվում ներկայացնել՝ Ռուբեն Սահակյանին որպես երրորդ փաստաբան գործին ներգրավվելու մասին:

Թղթակցի հետ զրույցում սակայն, ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանն ասաց, որ առաջարկություն եղել է, բայց դեռ չի որոշել՝ կներգրավվի՞ գործին, թե՞ ոչ:

Հարցին, թե հնարավո՞ր է այնուամենայնիվ ՓՊ նախագահը որոշի ստանձնել պաշտպանությունը, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Չգիտեմ, մեկ-երկու օր սպասեք, կասեմ»: