Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանն այսօր բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա իր մտահոգությունն է հայտնել, թե ինչո՞ւ մինչ այժմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել:
Այս մասին այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Գրում է 168.am-ը: Նա ասաց, որ առնվազն երկու արարքի համար Սուրիկ Խաչատրյանին պետք է մեղադրանք առաջադրվեր. ըստ պաշտպանի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կրակել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող զենքից: Հայկ Ալումյանի խոսքով՝ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար, ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ:
Ըստ Հայկ Ալումյանի՝ պատասխանատվություն է նախատեսված նաև ինքնաշեն զենք պահելու համար: Փաստաբանի խոսքով՝ գործով ապացուցվել է՝ Սուրիկ խաչատրյանի տանից 1 ինքնաշեն զնեք է հայտնաբերվել: Լրագրողների հարցին՝ արդյոք ակնկալիքներ ունե՞ն Սերժ Սարգսյանից, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ եթե ակնկալիքներ չունենային, ապա նամակը չէին գրի: Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նաև, որ իրենց լուրեր են հասել, որ նախաքննության մարմինը քայլեր է ձեռնարկում Արտակ Բուդաղյանի վիճակը ծանրացնելու համար: Փաստաբանի խոսքով՝ դեռ տեղեկություն չունեն դա արվելու է Արտակ Բուդաղյանի մեղադրանքը ծանրացնելո՞վ, թե՞ մեղադրանքը փոխելով:
Մանրամասները` այստեղ: