Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ՀՀ գլխավոր դատախազին է հղել մամուլի հրապարակումների մի մասը, որոնցում նշվում են Սյունիքի մարզում նախկինում տեղի ունեցած հանցագործությունների մասին և որպես դրանց կատարող մատնանշվում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնեց Հայկ Ալումյանը:

Պաշտպանն ավելի վաղ դիմել էր դատախազություն՝ խնդրելով տեղեկացնել, թե հրապարակումների հետ կապված որևէ քրեական գործ հարո՞ւցվել է, թե ոչ, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Գ.Շահբազյանը պատասխան գրությամբ խնդրել էր հայտնել, թե որ հրապարակումների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանը մեղադրվում է 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Հեղինակ:
«Փաստինֆո»