
Lragir.am. Եվրամիության հարեւանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ Մաքսային կամ Եվրասիական միության դիտորդի կարգավիճակը կամ գործակցության հուշագրի ստորագրումը չի հակասում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացին, որի մեջ է Հայաստանը:
Միեւնույն ժամանակ, հանձնակատարի խոսնակը նշել է, որ ամեն ինչ կախված է բովանդակությունից, որ արտացոլված կլինի հուշագրում: Նա շեշտել է, որ Հայաստանը պետք է ունենա իր մաքսային ընթացակարգերը որոշելու հնարավորություն, իսկ Մաքսային միությունում այդ ամենը կոլեկտիվ է որոշվում, ինչը հակասում է Եվրամիության հետ Ասոցացման պայմաններին:
Մաքսային միության հետ Հայաստանի գործակցության հուշագրի խնդիրը Հայաստանի հանրային շրջանակներում բավական լայն արձագանքի արժանացավ: Մայիսի 31-ին Մինսկում ԱՊՀ վարչապետների հավաքի շրջանակում հանդիպելով ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հետ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել էր Մաքսային միության հետ Հայաստանի ինտեգրացիայի ձեւաչափի, հուշագիր ստորագրելու մասին:
Հայաստանում դա ընկալվել էր որպես Հայաստանի կապիտուլյացիա Մաքսային միությանն անդամակցելու Ռուսաստանի պահանջի առաջ: Բայց, Եվրոպայի արձագանքը հուշում է, որ կապիտուլյացիայի մասին առայժմ խոսք չկա: Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերի հանձնակատարի խոսնակը նշել է, որ ուզում են նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: «Դա ստորագրելու ցանկություն ունի նաեւ Հայաստանի կառավարությունը, եւ նրանք տեղյակ են, թե որքան հեռուն կարող են գնալ այլ գործընկերների հետ բանակցություններում», ասում է Փիթեր Ստանոն:
Եվրոպան ակնարկում է, որ Մաքսային միության հետ Հայաստանի հարաբերության գործընթացն առայժմ իր համար վերահսկելի է եւ խնդիր չի առաջացնում:
Հայաստանը մի հուշագիր արդեն իսկ ստորագրել է, որով գործակցելու է Եվրասիական միության հետ: Երեւանում ստորագրված այդ հուշագրում ամրագրվում է, որ կողմերը չունեն որեւէ իրավական պարտավորություն: Եվրոպայի համար ըստ ամենայնի կարեւոր է հենց այդ դրույթը, եւ եթե այն եղավ Մաքսային միության հետ հնարավոր հուշագրում, ապա Բրյուսելն իրեն ամենայն հավանականությամբ բավարարված կզգա: Առավել եւս, որ արեւմտյան քաղաքական կենտրոնները գիտակցում են Ռուսաստանի հետ մանեւրի Հայաստանի անխուսափելիությունը:
Մաքսային կամ Եվրասիական միությունների հետ հուշագրերը Հայաստանի քայլերն են հենց այդ շրջանակում: Ռուսաստանին աներկբա մերժելը ներկա իրավիճակում վեր կլիներ Հայաստանի ցանկացած իշխանության պարագայում, առավել եւս այն իշխանությանը, որն ունի մոտ երկու տասնամյակի հակասահմանադրական արմատներ: Դա գիտակցում է նաեւ Եվրոպան, Հայաստանին հնարավորություն տալով ժամանակ շահել մինչեւ նոյեմբեր:
Իհարկե, իրավիճակը անկասկած լավ է պատկերացնում նաեւ Ռուսաստանը, բայց ըստ ամենայնի համակերպվել է այն մտքի հետ, որ Հայաստանը ընտրում է Եվրամիության հետ ասոցիացիան եւ Ազատ առեւտրի ռեժիմը: Իսկ Հայաստանի հետ ստորագրվող հուշագրերը ստեղծված իրավիճակում պահում են Ռուսաստանի դեմքը: Թեեւ ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Մոսկվան բավական դժգոհ է Հայաստանի այդ ընտրությունից եւ չունենալով հարցը հիմնավորապես լուծելու լծակներ, այդուհանդերձ հնարավոր միջոցներով բավական տհաճություններ է պատճառում Հայաստանին, գազի թանկացման, Ադրբեջանի հետ սիրախաղերի եւ այլնի տեսքով:
Թեեւ, Ռուսաստանը Հայաստանի հանդեպ այդ ոճը կիրառում է արդեն տարիներ շարունակ, երբ Եվրամիության հետ Ասոցացման քաղաքական խնդիր ամենեւին էլ չկար, եւ Հայաստանը կուրորեն հանձնվում էր Ռուսաստանին:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ