ՀՀ մի քանի տասնյակ ակտիվ քաղաքացիներ և հասարակական տարբեր կազմակերպությունների ու նախաձեռնությունների անդամներ մտադիր են գնալ Սյունիք, միանալ սյունեցի ակտիվիստներին և նրանց հետ պայքարել, որ երկրում վերականգվի արդարադատությունն ու օրինականությունը, որ կալանավորեն նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Նպատակը, ըստ ակտիվիստների, այն է, որ Սյունիքը ազատագրվի վերջնականապես, քանի որ Սուրեն Խաչատրյանին մարզպետի պաշտոնից հեռացնելը չի նշանակում գործած մեղքերի և արարքների համար պատիժ: Նա պատասխան է տալու սյունեցիների առջև գործած բոլոր հանցանքների համար:

«Մենք նախ քննարկում ենք մեր անելիքը, հստակեցնում ենք օր ու ժամ, խոսել ենք նաև սյունեցի ակտիվիստների հետ, նրանց հետ մեր կապը պետք է ավելի ամրացնենք, հետո որոշենք, թե քանի օրով ենք գնում Սյունիք»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ, «Բարև Երևան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքերով' այս նախաձեռնությանը միացել են տարբեր տարիքի անհատներ' քաղաքացիական տարբեր նախաձեռնություններից, այսօր իրականացրել են առաջին բողոքի ցույցը ՀՀ կառավարության շենքի դիմաց և քննարկել են անելիքը:

«Մենք որոշել էինք, այսինքն' նախատեսված էր սկզբում, որ պահանջեինք Սուրիկ Խաչատրյանի նախ հրաժարականը, ապա որ նրան պատժեն, բայց Սուրիկ Խաչատրյանը շատ «բարի» գտնվեց, ինքն իր հրաժարականը ներկայացրեց, հիմա մեր պահանջը հետևյալն է՝ քրեական պատասխանատվության ենթարկել նրան»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Ակտիվիստն ասաց նաև, որ որոշելու են այցելել Բուդաղյաններին և ասել, որ նրանց հետ են, կիսում են նրանց վիշտը և պատրաստ են պայքարելու:

«Իրանք հիմա շատ վատ վիճակի մեջ են, բայց մենք մի քանի օրից անպայման կայցելենք, որ իմանան, որ իրենք մենակ չեն: Հիմա առայժմ կապ ենք փորձում հաստատել նրանց ազգականների հետ, զրուցում ենք և մտադիր ենք միանալ սյունեցի ակտիվին, որ վախենում են անգամ պայքարել Սյունիքում»:

Քրիստինա Մկրտչյան