ԳԱԼԱ. «Նախագահի խոսքի մեջ շատ լակոնիկ, բայց հստակ ասվում էր դրական տենդենցի մասին, ասված է տնտեսության, արտաքին մարտահրավերների, մեր երկրի անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա դնելու անհրաժեշտության մասին: Ավելի հստակ ու ավելի նպատակամղված, կարծում եմ, դժվար կլինի պատկերացնել: Ավելին' երկրի նախագահն իր ելույթներից մեկի ժամանակ հստակ ասաց, որ մենք բոլորս պիտի դեմքով շրջվենք դեպի ժողովուրդը և ամեն ինչ անենք' մեր ժողովրդի առօրյան բարելավելու համար»,- այսիր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած ԱԱԽ նիստին, նշեց ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը:
Ի պատասխան պարոն Մինասյանի հնչեցրած վերջին նախադասության' ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ասաց.
«Եթե նախագահը ասել է, որ բոլորս դեմքով պետք է դեպի ժողովուրդը շրջվենք, ուրեմն ամեն ինչ շատ վատ է լինելու, քանի որ ինչ ասել է, միշտ ճիշտ հակառակն է եղել. Ասաց' առաջ Հայաստան, Հայաստանը սլացիկ ետ գնաց, ընդունեց աղքատությունը 12 տոկոսով' դարձրեց 40 տոկոս, ասաց' ապահով Հայաստան, ինչքան այլասերված կա' ավտոմատն առավ' ընկավ փողոց, սկսեց սրան-նրան գնդակահարել այդ ապահով Հայաստանում: Ասաց' ապահով Հայաստան, դե հիմա գնացեք, սահմանին տեսեք' ինչ է կատարվում: Մարդիկ մեր երկրից ուղղակի փախնելու համար ավտոբուսի չեն սպասում: Ճամպրուկներն ուսերին դրած' կամուրջն անցնում են, միայն թե փախնեն, լքեն Հայաստանը: Եթե թուրքը գար Հայաստան, հաստատ հայերին այսպես չէր պահի: Եթե այսպես շարունակվի, Հայաստանում ընդամենը 5 հոգի կմնա, մեր ապահով Հայաստանում, որ ապահով իրար երես նայեն, տեսնեն ինչ են անում: Ասելով դեմքով դառնալ դեպի հայ ժողովուրդը' հայ ժողովրդի «հերն անիծեց»:
Ինչին ի պատասխան ՀՀԿ անդամ Մինասյանը պատասխանեց, որ երևի պարոն Եղիազարյանը չարախոսելուց հաճույք է ստանում:
Տաթև Ֆռանգյան