Hraparak.am. Նորմալ երկրներում պետությունն է պայքարում մարդասպանների, կոռուպցիայի, կաշառակերների դեմ, Հայաստանում ժողովուրդն է պայքարում՝ ով ինչով կարող է: Եթե ուշադրություն դարձրել եք, առաջին ճակատում լրատվությունն է, որը սովորաբար ժողովրդի ճիչն է:

Բոլորը համարյա միաբերան գրում են համատարած թալանի, անպատժելիության, գողականի մասին: Թվում է՝ ողջ մեդիա դաշտն ընդդիմադիր է: Զարմանալին այն է, որ թույլատրվում է լրագրողներին ազատորեն արտահայտվել, ու դա բացատրվում է որպես մամուլի ազատություն: Ես, որ լրատվության բնագավառում աշխատել եմ նաեւ կոմունիստների ժամանակ, անկեղծորեն խոստովանեմ՝ այդ տարիներին լրատվությունը կարելի էր համարել զենք: Թերթում հատուկ բաժին ունեինք, որտեղ գրվում էր, թե որ բարձրացված հարցն էր լուծում ստացել: Ոչ մի բարձրացված հարց անլուծելի չէր մնում ու մեզ մարդ էինք զգում: Իշխանավորները վախ էին զգում, երբ մեկի մոտ մտնում էինք, ինչպիսի՜ հարգանք, մոտեցում: Ընդունելության քննությունների ստվերոտ կողմն էի ներկայացրել, անմիջապես քննությունն ընդհատվեց, հանձնաժողովի նախագահ փոխեցին… Հիմա ու՞ր ենք հասել: Վերջին տարիներին լրատվական դաշտը իշխանության կողմից հասցվել է այն մակարդակին, որից այն կողմ «բազառն է», առեւտուր ա էլի՝ թող անեն: Սա իշխանության կողմից մատուցվում է որպես մամուլի ազատություն: Ու՞մ է պետք այդ ազատությունը, երբ վերցվել է մամուլի ձեռքից զենքը, զինաթափ արվել ու տրվել մանկական մի ատրճանակ՝ կրակե՜ք, հաճույք ստացե՜ք:

Կրակում են բոլորը, ով տեղից վեր է կենում, զենքի օգտագործման իրավունքը բոլորին է տրվել, միեւնույն է, իշխանության կյանքի համար անվտանգ է: Խաղի նման մի բանի է վերածվել դա՝ տեսե՜ք, ոնց են մեզ վրա կրակում, գնդակոծության տակ ենք աշխատում, գաղջ մթնոլորտ է, բայց մենք չենք խանգարում, վատ երեւույթի մասին պիտի խոսվի: Ու թատրոնի նման ում վրա կրակում ենք, կենդանի է մնում ու կրակվողն էլ լպիրշորեն քրքջում է կրակոցի «փըստ լինելու» վրա: Ժողովուրդն իրավացիորեն բողոքում է՝ գրում եք, ինչ անի, մեկ ա լսող չկա: Սխա՞լ են ասում. ողջ օրը ատրճանակ վերցրած «փըստ-փըստ անելով ման ենք գալիս», ո՞ր մարդասպանին է կպնում, ո՞ր հանցագործին: ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանն էլ մի կարեւորությու՜ն է տալիս լրատվամիջոցներին, այսպիսի մի բան է ասում՝ ով որ Լիսկայի մասին գրի, վարչապետի մասին չգրի, դավաճա՜ն է… Չասե՞ս՝ այ Լեւոն ջան, միթոմ Լիսկայի մասին գրածը տեղ հասավ, մնաց օֆշոր վարչապե՞տը: Հա, իմիջայլոց, երեկ մի նորելուկ լրագրող էլ ինձ հարցնում էր՝ վարչապետը օֆշորու՞մ էլ տուն ունի: Չէ, հումոր չէր անում, լուրջ-լուրջ դեմքով, հետո ավելի հարցակոխ արեց՝ Օֆշորը Իսպանիայու՞մ է: Շատ էլ թե թերթերը գրում են, որ վարչապետը օֆշորային կազմակերպության անդամ է, ժողովուրդը բան չի հասկանում, թե դա ինչ է: Գիտեն թե դա ՆԱՏՕ-յի, Եվրասիայի կամ էլ Եվրախորհուրդի նման մի բան է, ու վարչապետն ավելի է բարձրանում իրենց աչքում:

Մեկն էլ չկա, որ տեղը տեղին, պարզ, հասկանալի, մատչելի լեզվով բացատրի, որ մարդիկ իմանան՝ ինչ է օֆշորը: Եթե չի էլ կարողանում բացատրի, գոնե ասի՝ ժողովուրդ, օֆշորը վատ բան է, շա՜տ վատ: Երեկ մի լրատվամիջոց, փառք Աստծո, փորձեց բարդ տնտեսագիտական տերմիններով բացատրել, թե օֆշորն ինչ է, հարեւանս էլ, որ շատ էր ուզում իմանալ, ասաց՝ տո լավ էլ անում է վաչապետը, որ ուրիշ պետության մեջ է ներդրում անում, մեզ մոտ հարկերը բարձր են, բա ինչ անի: Ա՜ քեզ օֆշորային բացատրական օգնություն: Հիմա Լեւոն ջան, լրատվությունը որ անցնի վարչապետին գզզելուն, վերմա՞կ ենք կապելու: Վերջին տարիների ընթացքում այնքան բուրդ ենք գզել, բայց էլի մրսում ենք, վերմակ ու ներքնակ չունենք: Գզում ու պարանից կախում ենք, անցող-դարձողն էլ ասում է՝ ինչ լավ բուրդ է, ճոխ, հարուստ… Ասելիքս ամբողջացնեմ. իշխանությունը լրատվությունը դարձրել է անատամ պառավ, որ բերանում հա լամլմում է կերը, բերանը կեր է տալիս ու ասում՝ զբաղվե՜ք, մինչեւ տեսնեմ ինչ եմ անում: Բայց մի բան մոռանում է, այդ լրատվությունը պատմություն է դառնալու, մի 20-30 տարի հետո նոր սերունդն անդրադառնալու ու ասելու է՝ վա՜յ խեղճերն այդ ինչ կրիմինալ իշխանություն են ունեցել, վա՜յ, այդ ինչեր են արել այդ սրիկա հանցագործները: Անպայման ասելու են, բացեք թերթերը՝ բոլորը միաձայն իշխանություն են քրֆում, գոնե դուք մի քրֆեք, այ թագավորական լրագրողներ:

Այսօր գուցե նախագահի համար օգտակար գործ եք անում, բայց վաղը ամեն մի տողը պատմական, քաղաքական քննարկման է դրվելու, էս պետությունը հո չի՞ կործանվելու, թե՞ մտածում եք՝ վերջն է: Ինչեւէ, գուցե համաձայնվեիք, որ այսօր իշխանությունը լրագրողներին դատարկ ատրճանակ է տվել, որ կրակենք ու իբր այդ կրակոցով էլ առա՜ջ գոռանք ժողովրդին: Բայց ժողովուրդը հո քոռ չի՞, տեսնում է, որ լրատվական կրակոցներից, անգամ ռմբակոծությունից ու գնդակոծությունից հետո մի ծիտ անգամ չի ընկնում, մի ճանճ էլ չի պակասում: Մնում է մամուլի ազատությունից խոսելուց առաջ յուրաքանչյուր լրագրող պահանջի իշխանությունից՝ տվեք ինձ փամփուշտով ատրճանակ, եթե մեր ու ձեր թշնամին նույնն է, թողեք՝ կրակենք: Առաջինը ես եմ դիմում Սերժ Սարգսյանին՝ տվեք ինձ փամփուշտով ատրճանակ, զինեք լրագրողին, եթե մեր երկրի ներքին թշնամին նույնն է: Կարծում եմ իմ պահանջը բնական կհամարեն գործընկերներս ու կմիանան ինձ:

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ