Միջերկրական ծովի կղզիներից մեկում՝ Կիպրոսում, գաղտնիության պայմաններում, հունիսի սկզբին կայացել է մեծ հավաք՝ «սխոդկա», որտեղ կայացված որոշումներն առաջիկայում որոշիչ կդառնան ամբողջ «գողական աշխարհի» համար, հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով primecrime.ru-ին։
Գործակալության տվյալներով՝ «բարձր մակարդակի գողական հանդիպման» կազմակերպիչը, որին մասնակցել է ավելի քան 50 «օրենքով գող», դարձել է 44-ամյա Էդուարդ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Ասետրինա կամ Էդիկ Թբիլիսցի։
Հանդիպման հիմնական պատվիրակներն «օրենքովներն» են եղել, որոնք հանգամանքների բերումով ապրում են Ռուսաստանից դուրս, օրինակ՝ Մերաբ Ջանգվելաձեն, Վաժա Բիգանիշվիլին, Ռոբինզոն Արաբուլին և Գիվի Գորդելաձեն, ում պատիվ է ընձեռնվել վարել միջոցառումը։
Այսպես կոչված՝ «դեդական կլանի» (Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի, ով սպանվել է այս տարեսկզբին) ներկայացուցիչները նույնպես ստացել են հանդիմանը մասնակցելու հրավեր, սակայն հերթական անգամ այն անտեսել են։ Մինչդեռ, հենց այս խմբի «գողերի» վարքագիծն էլ դարձել է ընդհանուր հանդիպման պատճառ և մանրակրկիտ քննարկման առարկա։ Մասնավորապես՝ քննարկվել է «դեդականների» կողմից 2011-ին Բադրի Կոգուաշվիլիի գողական իրավասությունները դադարեցնելու վերաբերյալ չհիմնավորված որոշումը։ Հանդիպման մասնակիցները որոշել են նմանատիպ միջոցներ ձեռնարկել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակցել են դրան, այդ թվում նաև Ռոլանդ Գեգեչկորիի և Մերաբ Մզարելուայի։
Ժողովի օրակարգային հարց է դարձել նաև Մոսկվայում միջադեպը, երբ մի խումբ «դեդական գողեր» խորամանկությամբ Էդուարդ և Սերգեյ Ասատրյաններին, ինչպես նաև Գուրամ Չիխլաձեին և Ռոմիկ Ջաֆարովին տարել են գաղտնի հանդիպման և ծեծել։ Ասետրինան խոստացել է անպատասխան չթողնել այդ վիրավորանքը և կոնֆլիկտը ներկայացրել է «գողերի» դատին։ Ինչպես և սպասվում էր, հարձակվող կողմի գործողությունները ենթարկվել են խիստ քննադատության. կրասնոդարցի Կոբո Ձիձիշվիլին, որը չլինելով «գող», ձեռք է բարձրացրել «գողի» վրա, օրենքից դուրս է համարվել։
Արդյունքում Կրասնոդարի երկրամասը, որը Ռուսաստանի ամենահարուստ և բարեկեցիկ շրջաններից է, ինչպես և ամբողջ հարավը, որն ավելի քան 20 տարի գտնվում էր Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հսկողության տակ, այժմ ամբողջությամբ անցել է իր նախկին հակառակորդների կառավարմանը։ Գաղտնիք չէ նաև, որ Ասատրյանը և Ջանգվելաձեն վաղուց էին երազում «նեղել» «դեդականներին» Ռուսաստանի հարավում։ Սրան զուգահեռ, Ռոմայի ձերբակալությունից, Վոլչոկի փախուստից և Վադիկի վարկաբեկումից հետո ոչ մի «ձեռի տակ մեծացրած օրենքով գող» չի մնացել, սակայն ակնհայտ են եկած ազգային փոքրամասնությունները, ներառյալ՝ հայեր Ժորան, Սարգիսը, Արթուրը և Արոն, վրացիներ Պեցոն, Թամազը և Դաթոն, եզդիներ Գոչոն և Յուրան և հույն Բոնչան։
Հավաքի մասնակիցները կայացրել են նաև վերջին տարիների ամենակարևոր որոշումը՝ վերանայել այն բոլոր մարդկանց, ովքեր թագադրվել են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Այս կապակցությամբ նրանք միանշանակ որոշել են՝ գող չհամարել, այսպես կոչված, «հեռականերին», այսինքն՝ նրանց, ովքեր ժամանակին «գող» են ճանաչվել հեռախոսով, sms-հաղորդագրությամբ և Skype-ով և անձամբ ներկա չեն գտնվել «սխոդկաներին», որտեղ հաստատվել է իրենց թեկնածությունը։ Անկասկած, այս գործողություններն ուղղված են «դեդական» կլանի բազմաթիվ անդամների դեմ։
Բացի այդ, հանդիպման ընթացքում «գողական ընտանիքի» անդամների շարքում են ընդգրկվել 5-8 մարդ, այդ թվում՝ Արտյոմը, Բոնդոն, Գոգա Թորաձեն և Դաթո Ջանգիձեն։
Սեփական որոշումների օրինական լինելու մասին «եվրոպացիները» չեն անհանգստանում։ Նրանք պատրաստ են պաշտպանել դրանք յուրաքանչյուրի առաջ, ով կհամարձակվի հակառակվել ժամանակակից 50 առավել ազդեցիկ «օրենքով գողերի» կամքին։