Ռուսական eadaily.com-ն անչափ ուշագրավ հոդվածով է հանդես եկել, որտեղ բարձրացնում է հայ հասարակության համար վերջին շրջանում ամենառեզոնանսային՝ Ամուլսարի թեման: Սակայն ուշագրավ է այն շեշտադրումը, որով ռուսական պարեբարականը դա անում է: Բանն այն է, որ հստակ մեսիջ է նկատվում՝ ուղղված վարչապետ Փաշինյանին՝ Ամուլսարի շահագործումը կարող է դառնալ վերջինիս իշխանության վերջը: Էլ ավելի հետաքրքիր է, որ կայքը իր հոդվածում հստակ անուններ է նշում՝ Արմեն Սարգսյան և Ռուբեն Վարդանյան, ըստ պարբերականի՝ Ամուլսարի թնջուկի լուծման համար Փաշինյանը պետք է չեզոքացնի հենց այս երկուսին, և հենց նրանք են, ըստ պարբերականի, արևմտյան կապիտալով խաղեր տվողը:
Սա, իհարկե, պարբերականի կարծիքն է, հարցը պետք է դիտարկել ավելի խորքային, քանի որ ռուսները առաջին անգամ չէ, որ տողատակով հիշատակում են Ամուլսարի շահագործման անցանկալիությունն իրենց համար: Օրեր առաջ բավական ուշագրավ նկար էր հրապարակել Հայաստանում ՌԴ դեսպանը: Վերջինս իր հանգիստը կազմակերպել էր Ջերմուկում և ակնարկում էր՝ ցանկալի է, որպեսզի առողջարանը մնա առողջարան: Ստացվում է՝ ռուսական կողմը ակտիվորեն մտել է խաղի մեջ և հասկացնում է Փաշինյանին, որ դեմ է արևմտյան կապիտալով հանքի շահագործմանը:
Սակայն, ոչ պակաս ուշագրավ մեսիջներ են հասնում նաև արևմուտքից, որը միանգամայն հակառակ շահագրգռվածությունն ունի: Մասնավորապես, «Մուդիզ» վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, և սա, մեղմ ասած, տարօրինակ է՝ հաշվի առնելով այն վիճակը, որում այսօր գտնվում է մեր տնտեսությունը: Փաստացի սա արևմուտքի կողմից որոշակի ավանս է Հայաստանի իշխանություններին՝ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության տրամադրման դիմաց: Իրականում Փաշինյանը հայտնվել է երկու քարի արանքում, քանի որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը հղի է ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական զարգացումներով՝ հաշվի առնելով, որ գերտերությունները այլևս չեն թաքցնում որ, այս հարցում ունեն սեփական աշխարհաքաղաքական շահերը: