Անցած շաբաթ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ մի շարք հարցեր: Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկված են նաև գործարանի նախկին 5 աշխատակիցները՝ Արագեղեցիկ Կարեյանը, Կարեն Իսրայելյանը, Շավարշ Զարգարյանը, Գագիկ Ավետիսյանը և Արմեն Դեմիրճյանը:

 

Մամուլում հանդիպման վերաբերյալ մի շարք մեկնաբանություններ եղան, այդ թվում հրապարակվեց, թե իբր հանդիպման ժամանակ նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը նաիրիտցիներին ասել է՝ սեփական ուժերով ներդրողներ գտեք և գործարանը վերագործարկեք, կառավարության վրա հույս մի դրեք:

 

ԼՈՒՐԵՐ.com-ը հարցի վերաբերյալ զրուցեց աշխատանքային խմբում ընդգրկված նաիրիցիների հետ, ովքեր միաձայն նշեցին, որ հանդիպման ժամանակ նման հայտարարություն չի եղել: «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ տեղեկացրեց, որ նման խոսակցություն չի եղել: «Այսօր նախարարությունը շարունակում է բանակցությունները ռուսական ընկերության հետ, բայց հանդիպման ժամանակ նախարարը պարզ ասաց, որ իրենք պատրաստ են հանդիպել ցանկացած ներդրողի հետ, միայն թե «Նաիրիտը» աշխատի, և եթե մենք ունենք նման տեղեկություններ ներդրողների վերաբերյալ, ապա նա պատրաստ է իրենց հետ հանդիպել: Բառացի ասվեց, եթե կարող եք և ունեք ներդրողներ, ապա կազմակերպեք նրանց հետ հանդիպում, ինչքան շատ լինեն առաջարկները, այնքան ավելի կմեծանա բանակցությունները հաջող ավարտելու հնարավորությունները: Այն, ինչ տարածվում է լրատվությունով, մի փոքր չի համապատասխանում իրականությանը: Ես ներկա եմ եղել, և աշխատանքային խումբը շարունակում է իր աշխատանքները»,- մանրամասնեց պարոն Իսրայելյանը։ 

 

Իսկ գործարանի մեկ այլ աշխատակից Արմեն Դեմիրճյանը հավելեց՝ համատեղ պետք է մտածել «Նաիրիտի» վերագործարկման մասին։ «Միայն մեզ վրա դնել ներդրողներ գտնելու հարցը, աբսուրդ կլիներ: Դա բոլորս էլ գիտենք: Ես կասեի՝ հայ ժողովուրդը պետք է դառնա բռունցք և մտածի «Նաիրիտի» մասին։ Աշխատանքային խումբը գործում է և աշխատում։ Ե՛վ նախարարությունը, և՛ կառավարությունը, և՛ մենք պետք է կատարենք այդ աշխատանքը՝ հանուն մեր երկրի բարեկեցիկ ապագայի: Իսկ «Նաիրիտը» դա խոստանում է»,- շեշտեց Արմեն Դեմիրճյանը։ 

 

Հարկ է նշել, որ նախկին նախարար Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ժամանակ էլ, բազմիցս հայտարարվել և առաջարկվել է նաիրիտցիներին իրենց հերթին գտնել ներդրողներ, բանակցություններ տանել նրանց հետ։ Դա նաիրիտցիների դժգոհությունը չի առաջացրել, քանի որ նրանք ևս գիտակցում են, որ գործարանի վերագործարկման համար իրենք իրենց հերթին պետք է անեն ամեն ինչ։ 

 

Վերջում հավելենք, որ գործարանի հետագա ճակատագրի որոշման համար ստեղծված աշխատանքային խմբի անդամներն այս շաբաթ կրկին հանդիպում կունենան։

 

Քրիստինա Աղալարյան