«Արդեն 20 տարի է՝ ինչ նույն բանն ենք լսում. մեզ տարիներ շարունակ ասում են, որ «Ֆիրդուսի շուկան» քանդելու են, բայց մեզ մեր տան քառակուսի մետրի արժեքը չեն վճարում (Խմբ.- քանդման ենթակա է Երևանի կենտրոնում՝ Ֆիրդուսի փողոցում գործող շուկան ու շրջակա տները): Մենք նրանց առաջարկած գրոշներով չենք լքի մեր տները, կդիմենք ամենակտրուկ և ծայրահեղ գործողությունների՝ ակցիաներ կանենք, փողոցներ կփակենք, բայց չենք գնա մեր տներից՝ իրենց առաջարկած կոպեկով մեր տունն իրենց տալով»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ֆիրդուսի շուկայում» առևտրով զբաղվող քաղաքացին՝ չթաքցնելով զայրույթը՝ կապված ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի՝ «Ֆիրդուսի շուկան» փակելու որոշման հետ:
Վաճառողներից մյուսը մեզ հետ զրույցում նշեց, որ տարիներ առաջ պետությունն առանց իրենց իմացության՝ իրենց տները ճանաչել է գերակա շահ՝ դրա դիմաց տան սեփականատերերին առաջարկելով չնչին գումար. «Մեզ տարիներ առաջ փորձեցին փոխհատուցում տալ քառակուսի մետրի դիմաց 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մենք դրան չհամաձայնեցինք, հիմա եկել 600 ԱՄՆ դոլար են առաջարկում, սա խայտառակություն է, իհարկե, չենք լքի մեր տունը դրա դիմաց»,-ասաց առևտրով զբաղվող քաղաքացին:
Դիտարկմանը, որ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Նարեկ Սարգսյանն ասել է, որ բնակիչների փոխհատուցումով զբաղվում են կառավարության տարբեր օղակներ և նախկինում բնակարանները կորցրած մարդկանց խնդրի լուծումը ընթացքի ավարտական փուլում է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ մի բանն էլ ընթացքի մեջ չէ, տարիներ շարունակ քարշ ենք գալիս դատարաններում, ի՞նչ է նշանակում առանց տան սեփականատիրոջ իմացության՝ տունը գերակա շահ ճանաչել, հիմա էլ ընկել՝ փոխհատուցում ենք պահանջում, բայց մեր տան արժեքին համապատասխան, ինչպես միշտ, պետությունն անում է այն, ինչ իրեն է ձեռնտու, բայց թույլ չենք տա մեզ ոտնահարել»:
Ըստ «Ֆիրդուսի շուկայում» առևտրով զբաղվողների՝ իրենք համաձայն են այն տեսակետի հետ, որ 21-րդ դարում չի կարելի նման անմարդկային պայմաններում կանգնել և աշխատել, բայց միևնույն ժամանակ, իրենք չեն պատրաստվում իրենց բնակարանները հանձնել պետությանը շատ էժան գնով և հարյուրավոր քաղաքացիների նման՝ անտուն մնալ ու վարձով ապրել:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին «Կառուցապատման ներդրումային ծրագրեր» թեմայով ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ով հայտնել էր, որ «Ֆիրդուսի շուկան» կքանդվի, իսկ արդեն տարվա երկրորդ կեսին՝ կսկսեն իրականացվել շինարարական աշխատանքներ:
Աղավնի Սուքիասյան