ԱՄՆ-ում մասամբ հրապարակել են Խալիդ Շեյխ Մոհամեդի 18 էջանոց նամակը, որին Միացյալ Նահանգների իշխանությունները համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչը:

 

Ուղերձը հասցեագրված է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային, տեղեկացնում է Miami Herald թերթը: Նամակում Մոհամեդը պնդում է, թե Վաշինգտոնն ինքն է մեղավոր 9/11-ի ահաբեկչական գործողությունների համար իր արտաքին քաղաքականության պատճառով, որն «անմեղ մարդկանց էր սպանում ամբողջ աշխարհում»:

 

Մեկնաբանելով սեպտեմբերի 11-ի իրադարձությունները՝ Մոհամեդը նաեւ գրում է, որ «այդ մենք չենք սկսել ձեր դեմ պատերազմն» ահաբեկչությունների օրը: Նրա պնդմամբ՝ դա արել եք «դուք ինքներդ եւ ձեր դիկտատորները մեր երկրում»: Նամակում Մոհամեդը դիմում է Օբամային՝ որպես «օձի գլխի» եւ «կեղեքման եւ բռնապետության երկրի» նախագահի:

 

Հրապարակված նամակը թվագրված է 2015 թվականի հունվարով: Բայց սկզբնապես Գուանտանամոյի բանտապանները հրաժարվում էին ուղարկել Մոհամեդի ուղերձը: Նույն տարվա սեպտեմբերին կալանավորի փաստաբանը դատավորին խնդրել է միջամտել՝ պնդելով, որ մեղադրյալն իրավունք ունի դիմելու նախագահին: Արդյունքում զինվորական դատարանը համաձայնել է դրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: